Նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, «այս պահին Լեռնային Ղարաբաղի բանակը զինադադար է պարտադրում Ադրբեջանին»: «Ազատության» հետ զրույցում Արզումանյանն ընդգծեց, թե այժմ Ադրբեջանի շահերից է բխում իրավիճակն էլ ավելի չսրելը:
«Պատերազմական վիճակ է, և մենք պետք է գիտակցենք՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը համապարփակ լուծում չի ստացել, մենք լինելու ենք պատերազմական վիճակում: Մենք պետք է նաև գիտակցենք, որ յուրաքանչյուր կրակոց Լեռնային Ղարաբաղի որևէ գյուղի ուղղությամբ, դա կրակոց է Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի ուղղությամբ: Սա բոլորիս պատերազմն է»,- ասաց Արզումանյանը:
Գնահատելով հակամարտության գոտում սկսված բախումները, նախկին արտգործնախարարը նշեց՝ «Ադրբեջանը փորձում էր անակնկալի բերել մեր զինված ուժերին, բայց բոլոր ուղղություններով ստացավ համարժեք պատասխան, և այժմ իր շահերից է բխում՝ ավելի չսրել իրավիճակը, քանի որ հեռանկարները շատ անկանխատեսելի են հենց Ադրբեջանի համար: Այս պահին մեր գործողությունը խաղաղության պարտադրանքն է, որն Ադրբեջանն ընդունելու է»:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները: Պաշտոնական Ստեփանակերտն անմիջապես հերքեց այդ տեղեկությունը: Նախկին արտգործնախարարը հորդորում է կուլ չգնալ Ադրբեջանի այդ քարոզչական հնարքին: «Դա, ժողովրդի ասած՝ կուտ է, որը պետք չէ ուտել: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ուղղակի դրանով [հայտարարությամբ] փորձ է անում միջազգային հանրությանը, հավանաբար, պատգամ ուղարկել, թե հայկական կողմը նախահարձակ է, և մենք պատասխանում ենք»,- ասաց Արզումանյանը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Ադրբեջանը շատ լրջորեն է տրամադրված և փորձ է անում հարցը լուծել ռազմական ճանապարհով: Թե ինչու պաշտոնական Բաքուն որոշեց գնալ այդ քայլին հենց հիմա, Վազգեն Մանուկյանն այդ հարցի մի քանի բացատրություն է մատնանշում՝ նավթի գների նվազումը, դրանով պայմանավորված՝ տնտեսական լարվածությունը երկրի ներսում, ինչպես նաև Թուրքիայի ազդեցությունը: Ահա այն պատճառները, որոնք, ըստ Վազգեն Մանուկյանի, Ալիևին դրդում են արկածախնդրության: Պաշտապանության նախկին նախարարը նաև վստահեցնում է՝ «ես համոզված եմ, որ մերոնք Ղարաբաղում շատ ուժեղ հակահարված են տալու, և ինչքան ուժեղ լինի մեր հակահարվածը, այնքան ավելի երկար ժամանակ Ադրբեջանը նորից այդպիսի փորձեր չի կատարի»:
Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանի արտգործնախարարությանը հանձնարարել էր աշխատանքներ սկսել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պնդմամբ, սա միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Սա նաև պատգամ է, որ մենք պատրաստ ենք ճանաչելու, բայց իրականում մենք գիտակցում ենք, որ բանակցային գործընթացին դա կարող է խանգարել: Սրանով մենք չենք դուրս գալիս բանակցային գործընթացից, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով միջազգային հանրության այս կրավորական մոտեցումը, որն ինչպես միշտ՝ կողմերին կոչ է անում զերծ մնալ․․․և այլն, մենք ասում ենք՝ արդեն որևէ ոտնձգություն չենք ներելու և համարժեք պատասխան ենք տալու պետական մակարդակով: Կգա ժամանակը, գուցե ճանաչման հարցն էլ քննարկվի, գնդակն այժմ Ադրբեջանի կիսադաշտում է»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կարծիքով, Ղարաբաղի անկախության ճանաչումն այս պահին որևէ հարց չի լուծի: «Ընդհակառակը, այս պահին նույնիսկ սխալ է, որովհետև այս պահին ոնց որ միջազգային հանրությանն ասի՝ դուք գնացեք մի կողմ, սա մեր գործն է: Հիմա այդ ֆինտիֆլյուշկաները հարց չեն լուծում: Հիմա հարցը լուծվում է ռազմադաշտում»,- ասաց Մանուկյանն ու շարունակեց՝ «Ես համոզված եմ, որ այս 2-3 օրվա ընթացքում Ադրբեջանը շատ վնասներ է կրելու, որից հետո, ուզի-չուզի, դադարեցնելու է այդ հարձակումը: Հիմա պետք է հաղթել, հետո կերևա»:
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները երեկ քննադատել էին միջազգային հանրությանը՝ ոչ հասցեական հայտարարությունների համար․ դրանցում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զսպվածության կոչեր էին արվում: Միայն ՀԱՊԿ-ն էր, որ նախօրեին հայտարարեց՝ «Ադրբեջանի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:
Ալեքսանդր Արզումանյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր քաղաքական առաջնահերթություններով: Այդ առումով ՀԱՊԿ-ի հայտարարությունը նույնիսկ վտանագավոր է, ասում է նախկին արտգործանախարարն ու հավելում՝
«Այս երկու օրերի ընթացում ամենաակտիվն ու ամենաշատը հակամարտության մասին Ռուսաստանի տարբեր օղակներում են խոսում: Ռուսաստանի նախագահը, երբ իր զինվորն այստեղ անմեղ ընտանիք էր գնդակահարում, ինքը ոչ մի ծպտուն չէր հանում, իսկ հիմա, հենց առաջին պահից, շատ ակտիվ խոսում է: Սա ես կարող եմ վտանգավոր համարել այն առումով, որ նախապատրաստվում է ռուսական միջնորդական նոր առաքելություն, որի արդյունքում ենթադրվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կդիմեն Ռուսաստանին՝ խաղաղապահ զորքեր մտցնելու համար: Դա շատ վտանգավոր հեռանկար է, այնպես որ՝ որոշ դեպքերում ավելի լավ է չեզոք լինեն, քան հրահրեն ռազմական գործողությւոններ և հետո գան որպես․․․ ի վերջո պետք է հասկանանք, որ մեր զինվորները զոհվում են այն զենքով, որը վաճառում է Ռուսաստանը»: