Ադրբեջանի զինուժը «միակողմանիորեն» որոշում է կայացրել դադարեցենել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողությունները և ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը»:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: «Եթե Հայաստանի զինուժը չդադարեցնի սադրիչ գործողություններն ու շարունակի գնդակոծել խաղաղ բնակավայրերն ու մարտական դիրքերը, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ հարձակման կանցնեն, օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած սպառազինությունը»,- ըստ haqqin.az-ի, նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Արձագանքելով այս հայտարարությանը, Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար»:
Քիչ առաջ, «Ազատության» հետ զրույցում, Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը «սուտ» որակեց նաև ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ «հենց այս պահին թեժ մարտերը շարունակվում են»: