Կոնգրեսական Ադամ Շիֆ․ «Ադրբեջանական ագրեսիայի զոհը Արցախի ժողովուրդն է»

Կոնգրեսական Ադամ Շիֆը, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խորին մտահոգությունն է հայտնել 18 հայ զինվորների և 12-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած «ադրբեջանական ագրեսիայի» կապակցությամբ:

«Այդ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումներից անմիջապես հետո, դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների, ինչպես նաև Մինսկի խմբի «ապահովագրական քաղաքականությունը» չի աշխատում:

Քանի դեռ շփման գծում միջազգային վերահսկողությունը եսասիրաբար մերժող Ադրբեջանը չի բախվել լարվածության սրման և բռնությունների սաստկացման իր քաղաքականության ուժեղ հակազդեցության, հակամարտության կարգավորման և հետագա արյունահեղությունից խուսափելու հնարավորությունը շատ փոքր է»,- նշում է կոնգրեսականն ու ընդգծում՝ «Ադրբեջանի այդ քաղաքականության զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ձգտում է ապրել առանց դիպուկահարների կրակոցների և ցանկանում է իրացնել ազատ ինքնորոշման իր իրավունքը»: