Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: «Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը: Անկայուն իրավիճակը տեղում ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անմիջապես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո», - հայտարարում է Քերրին:
Վերստին շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետքարտուղարն ամփոփում է. - «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հաստատապես հանձնառու է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար երկարատև և բանակցային խաղաղ կարգավորման»: