ՀԱՊԿ. Բաքվի գործողությունները հանգեցնում են հակամարտության գոտում իրավիճակի սրման

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, «Интерфакс-АВН»-ի հետ զրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման», - ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը։

Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, ՀԱՊԿ պաշտոնյան ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։ «Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սպառիչ տեղեկություններ ենք ստացել տեղի ունեցած զինված բախումների վերաբերյալ։ Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասել է Զայնետդինովը։