ՊԲ-ն հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռ է խոցել. ԼՂ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:

«Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ»,- ասված է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան կողմը առավոտյան հայտնել էր, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. - «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին»։