Կառավարությունը մերժեց ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած օրինագիծը

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, արխիվ:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանի օրինագծին՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար տեղում կանխարգելիչ բժշկական քննություն կազմակերպելու մասին:

Այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ Թևան Պողոսյանն ասաց, որ իր հիմնական գաղափարը եղել է թշնամու նշանակետի տակ ապրող մարդկանց լրացուցիչ ուշադրություն դարձնելը․ - «Սահմանամերձ գյուղի բնակիչները նաև կզգան, որ իսկապես հանրությունը կամ պետությունը մտահոգված է իրենց մասին, իրենց առողջական վիճակով հետաքրքրվում է»:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, քանի որ գործող օրենքներով արդեն իսկ ապահովվում է անվճար բուժում ստանալու իրավունքը․ - «Նման խնդիր չկա: Իրենք [սահմանամերձ գոտու բնակիչները] ազատ են իրենց այցելությունների մեջ: Ցանկացած տեղ կարող են գնալ, դիմել, իրենց բուժօգնությունը ստանալ»:

«Գյուղերում կա իրավիճակ, երբ մարդիկ այցելում են հիվանդանոցներ արդեն բուն այն ժամանակ, երբ որ հիվանդությունը գլուխ է բարձրացրել, և պետք են ավելի մեծ միջոցներ բուժելու համար», - հակադարձեց Թևան Պողոսյանը:

Առողջապահության փոխնախարարի պնդմամբ, մինչդեռ՝ պոլիկլինիկաների ցանցը բավարար է, իսկ «շրջիկ ամբուլատոր խմբերով հիվանդությունները չեն կանխարգելվի»․ - «Ճնշում չափելը, շաքարը չափելը, շարժական խմբով արյան անալիզ անելը կանխարգելիչ բուժօգնություն չէ: Դա կիսատ գործառույթ է, որով առողջապահական ցուցանիշ չենք ստանալու․․․ Շարունակական բուժօգնություն իրականցնելու համար խորը լաբարատոր-գործիքային հետազոտություններ են պետք, որոնք միմիայն երկրում, իր ունեցած կառուցվածքով, կարելի է անել առաջնային օղակի պոլիկլինիկական հաստատություններում, որտեղ այդ սարքավորումները կան»:

Պատգամավորը հակադարձեց․ - «Սահմանամերձ գոտում «չէ»-ով չեն անդրադառնում․․․ «Չէ» բառը հանեք, «այո»-ով սկսեք»:

Ի վերջո Թևան Պողոսյանը որոշեց հետաձգել նախագծի քննարկումը՝ նախարարության ներկայացուցիչների հետ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց հետո այն նոր ձևակերպումներով ներկայացնելու նպատակով: