Հայաստանն անդամագրվել է «Եվրիմաժ»-ին

«Եվրիմաժ» հիմնադրամը ստեղծվել է 1989 թվականին Եվրախորհրդի կողմից՝ եվրոպական երկրներում կինոոլորտը ֆինանսավորելու նպատակով:

«Եվրիմաժ»-ը բաց հիմնադրամ է, ուստի ոչ միայն Եվրոպայի միության անդամ երկրները կարող են անդամագրվել այս հիմնադրամին ու ֆինանսավորում ստանալ կինոարվեստի զարգացման, ֆիլմերի ցուցադրության և վարձույթի համար:

Հայաստանը ևս այսուհետ «Եվրիմաժ»-ի անդամ է, ինչը նշանակում է, որ հայաստանցի կինոգործիչները կարող են դիմել այս հիմնադրամին և որոշակի ֆինանսավորում ստանալ այս կամ այն ֆիլմը նկարահանելու կամ ցուցադրելու համար: Կա, սակայն, մի կարևոր պայման՝ նկարահանվելիք ֆիլմը պիտի լինի համատեղ արտադրության:

«Հայաստանի Հանրապետությունը, կարելի է ասել, դեռևս 2006 թվականից ջանքեր էր գործադրում միանալու համար «Եվրիմաժ»-ին, որովհետև Եվրոպայում կինոարտադրության ամենախոշոր հիմնադրամն է, որի բյուջեն մոտ 25 միլիոն եվրո է կազմում տարեկան: Այս տասը տարվա աշխատանքը, բանակցությունները, մեզ ներկայացնելը, մեր կինոոլորտի հաջողությունները ցույց տալը հնարավորություն ընձեռեց, որ մենք այս տարի արդեն դարձանք լիիրավ այս հիմնադրամի», - ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ տեղեկացնելով․ - «Մենք ունենք այնտեղ արդեն նշանակված ներկայացուցիչներ»:

«Եվրիմաժ»-ում հայաստանյան ներկայացուցիչներն են՝ կինոգետ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Սոնա Հարությունյանը և կինոռեժիսոր, ծագումով սիրիահայ, վերջին 15 տարում Հայաստանում բնակվող և ստեղծագործող Վրեժ Քասունին:

Նրանց համոզմամբ, անդամակցությունը համաեվրոպական նման կառույցի Հայաստանի կինոգործիչների համար շատ մեծ հնարավորություններ է ստեղծում՝ ամենատարբեր կապեր հաստատել եվրոպական կինոարտադրողների հետ:

«Այսօր «Եվրիմաժ»-ը արդեն բաց դուռ է, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների առջև առկա է, և ճանապարհ է, որ պիտի Հայաստանի կինեմատոգրաֆիստները և պրոդյուսերները անցնեն՝ դառնալու լիարժեք [եվրոպական կինոյի] ընտանիքի անդամ», - ասաց Սուսաննա Հարությունյունը:

Հայաստանի կինոգործիչները տարվա ընթացքում 4 անգամ հնարավորություն կունենա մասնակցելու «Եվրիմաժ»-ի մրցույթներին: Մերժված ծրագիրը երկրորդ անգամ չի կարող ներկայացվել:

Անդրադառնալով «Եվրիմաժ»-ի կողմից ֆինանսավորմանը՝ Վրեժ Քասունին ասաց․ - «Այնպես չէ, որ բոլոր երկրները հավասարաչափ ստանում են նույն գումարները: [Գումարները տրամադրվում են] Ըստ ներկայացված ծրագրի, ըստ պահանջված գումարի, ըստ անդամների կողմից հաստատված նախագծի»:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը համոզված է, որ անդամակցությունը «Եվրիմաժ»-ին լրացուցիչ հնարավորությունների կստեղծի հայաստանցի ֆիլմարտադրողների համար: