Ռուզաննա Եղնուկյանին դարձյալ հիվանդանոց են տեղափոխել

Ռուզաննա Եղնուկյան

Ոստիկանների հետ բախումների ընթացում նա ճակատի շրջանում վնասվածք էր ստացել, սակայն, միջադեպից մեկ շաբաթ անց, դեռ քրեական գործ չի հարուցվել:

Մեկ շաբաթ առաջ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ամուսնու՝ Կարո Եղնուկյանի խոսքով, կնոջ առողջությունն օրեցօր վատանում է։ «Թույլ է զգում, սրտխառնոց ունի․․․»,- պատմեց Կարո Եղնուկյանը:

Միջադեպից 7 օր անց քրեական գործ դեռ չի հարուցվել։ ՀՔԾ-ից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ նյութեր են նախապատրաստում։ Առայժմ հստակեցված չէ նաև վնասվածքի աստիճանը, թեև Ռուզաննա Եղնուկյանը, ըստ ամուսնու, ոստիկանության և ՀՔԾ-ի ուղեգրով արդեն երկու անգամ բժշկական փորձաքննության է ենթարկվել։ «Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ սա ուղեղի ցնցման հետևանքներն են»,- շարունակեց վնասվածք ստացած կնոջ ամուսինը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է, նրա պնդմամբ, ՀՔԾ-ն անգործության է մատնված, ասում է՝ Ռուզաննա Եղնուկյանը հենց միջադեպի օրը պետք է տուժող ճանաչվեր։ «Ռուզաննա Եղնուկյանի մարմնական վնասվածքների փաստի ուժով պետք է հարուցվեր քրեական գործ ՀՔԾ-ի կողմից, քանի որ այդ վնասվածքը ստացել է ոստիկանության գործողությունների արդյունքում,- «Ազատությանն» ասաց իրավապաշտպանը:

Կարո Եղնուկյանի կարծիքով, քրգործ, այդուհանդերձ, կհարուցվի, իրավապահներն այլ ելք չունեն: Ասում է՝ այժմ միտումնավոր ձգձգում են, որպեսզի կնոջ վերքը սպիանա ու այդպիսով վերանան բռնության հետքերը։ «Օրենքն ասում է 10 օրվա ընթացքում պետք է անեն, բայց դա չի նշանակում, որ 10-րդ օրը պետք է անեն: Նրանք կարող էին հարուցել հաջորդ օրը, հենց նույն օրը, իրենք ոչ մի բան չեն արել»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Չսպասելով իրավապահներին՝ նա մի քանի օր առաջ անձամբ էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՔԾ և Գլխավոր դատախազություն։ Կնոջը հիվանդանոց տեղափոխելուց հետո Կարո Եղնուկյանն այսօր ցուցմունք տալու համար դարձյալ ՀՔԾ էր շտապում՝ պնդելու, որ Ռուզաննա Եղնուկյանին հարվածել են ոստիկանները: Ասաց՝ ամեն ինչ անելու են, որ մեղավորները պատժվեն։

Ռուզաննա Եղնուկյանը մարտի 24-ին մի խումբ կանանց հետ Մաշտոցի պողոտայում մասնակցել էր ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի կազմակերպված ակցիային, որի ժամանակ, ոստիկանների հետ բախումների ընթացքում, ճակատի բաց վնասվածք էր ստացել ու հիվանդանոց տեղափոխվել: Թեև ցուցարարները պնդում են, որ Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածել են իրավապահները, միջադեպից հետո Մաշտոցի պողոտա ժամանած՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, թե նրա վնասվածքը հրմշտոցի հետևանք է։