Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ:
Հանդիպման ավարտին nախագահը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում։ «Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է. այն մնայուն է` ամբողջ կյանքի համար: Հարվարդի համալսարանը դրել է որակյալ կրթության ավանդույթների մի բացառիկ նշաձող` իր ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաներով, հետազոտական կենտրոններով, գրադարաններով և ամենակարևորը` մարդկային ներուժով», - մասնավորապես գրել է նախագահը: