Վաշինգտոնում կայացել է Ալիև-Քերրի հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Վաշինգտոն, 30-ը մարտի, 2016թ.

Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Քերրին հայտնել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ադրբեջանի հետ հետագա երկարատև համագործակցությամբ՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման շուրջ Ադրբեջանի դերակատարությանը, ընդգծվել է «Հարավային գազային միջանցքի» կարևորությունը:

Ալիևն ասել է, որ չնայած նավթի գների անկմանը, Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է լավ վիճակում՝ ընդգծելով, որ նավթի գների անկման ֆոնին Ադրբեջանը կարևոր քայլեր է անում բյուջետային համակարգն ամրապնդելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Քերրին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնությունների աճի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ իրենք շարունակում են աշխատանքը հակամարտող կողմերի հետ, միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա հասնելու համապարփակ կարգավորմանը։