4+4+4 ձևաչափով բանակցություններում կողմերը դեռ վերջնական որևէ համաձայնություն ձեռք չեն բերել

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ «սրանք բանակցություններ չեն, որոշումներ չեն ընդունվելու։

Ավելի քան երկու ժամ փակ դռների հետևում բանավիճելուց հետո իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Ընտրական օրենսգրքի շուրջ վերջնական որևէ համաձայնություն ձեռք չբերեցին:

Ինչպես հանդիպման մեկնարկին, այնպես էլ դրանից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդեց՝ «սրանք բանակցություններ չեն, որոշումներ չեն ընդունվելու»։

«Սա քաղաքական քննարկումների մի ֆորմատ է, հաջողվեց մեզ գնալ առաջ, շատ լավ, չհաջողվեց, հիմա ինչ ասեմ, լինում եմ դեպքեր, որ չի հաջողվում», - ասաց Հարությունյանը։

Հինգ միասնական պահանջներից երեկ մինչև ուշ երեկո քննարկվել է տեղամասերում տեսախցիկների տեղադրումը։

«Չենք համարում դա շատ կարևոր գործիք, երկրորդը՝ համարում ենք, որ եթե գտնվեց ինչ-որ մի դոնոր, որը պատրաստ է ֆինանսավորել նմանատիպ ծրագրի իրականացումը, մենք սկզբունքային առարկություն չունենք, պայմանով, որ այստեղ խոսքը չի գնում օնլայն հեռարձակման, այլ տեսանկարահանման մասին։ Հաջորդը՝ երբևէ պետությունը չի ստանձնելու այդ պատասխանատվությունը, որպեսզի ինքը դա կազմակերպի», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։

Անդրադարձ է եղել նաև մատնահետքերով նույնականացման կամ մատների թանաքոտման պահանջին։

«Մատների թանաքոտումը մենք համարում ենք անընդունելի և համարում ենք, որ դա բերելու է շատ ավելի անորոշությունների, ավելի շատ կարող է մթագնել ընդհանուր իրավիճակը, քան օգուտ տալ», - ասաց Հարությունյանը։

«4+4+4» նախաձեռնության հեղինակ Լևոն Զուրաբյանն, այդուամենայնիվ, դեռ չի բացառում, որ արդյունքի կհասնեն։

«Մենք սկսել ենք բանակցություններ, որոնք ընթանում են շատ ծանր, ինչը բնական է։ Ես հիմա չեմ կարող կանխատեսել՝ արդյոք հնարավոր է դիրքորոշումների մերձեցում։ Այս պահին ես նման բան չեմ տեսնում, բայց չեմ էլ ցանկանում բացառել, որ այնուամենայնիվ այս բանակցությունները կբերեն ինչ-որ արդյունքի։ Երկու, երեք ռաունդ ավել և արդեն հնարավոր կլինի ավելի հստակ ասել։ Անընդունելին կարող է վաղը չէ մյուս օրը դառնալ ընդունելի», - ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիր պատգամավորը դեմ չէ, որ բանակցություններն ուղեկցվեն հանրահավաքային ճնշմամբ. - «Գիտեք վատ չէր լինի։ Ես ընդհանրապես համարում եմ, որ այո, ինչքան շատ ճնշում լինի, այնքան իշխանություններն ավելի զիջող կլինեն։ Եթե ռեալիստական է անենք։ Խարխլել են հավատը ընտրությունների նկատմամբ իրենք, ոչ թե մենք, իրենք պետք է ընդառաջեն մեր պահանջներին»։

Իշխանական քառյակը հանդիպմանը ներկայացել էր ողջ կազմով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան: Ավելին՝ քննարկմանը մասնակցում էին նաև դաշնակցական պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը:

Ընդդիմադիրների քառյակն ամբողջական չէր, «Ժառանգություն»-ը ներկայացուցիչ չէր ուղարկել, կուսակցությունն առայժմ չի մեկնաբանել որոշումը: «Բարգավաճ Հայաստան»-ից կլոր սեղանի շուրջ էր կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց Երկրի»-ի պատվիրակն էր Հովհաննես Մարգարյանը:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնում էին Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»), Տիգրան Եգորյանը («Իրավունքի Եվրոպա միավորում»), Արտակ Զեյնալյանը («Իրավունքի գերակայություն») և Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիներ» միավորում):

«4+4+4»-ի հաջորդ քննարկումը ուրբաթ երեկոյան է: