Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը

Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը, 30-ը մարտի, 2016թ․

Ադեն 20 տարի անազատության մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը ծառայակիցների սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ Մկրտչյանի, նրանց սպանել են 3 անծանոթներ, ովքեր դիրքեր էին եկել զենք գնելու նպատակով:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց ցմահ դատապարտյալ, արդեն 20 տարուց ավելի իր պատիժը կրող Արթուր Մկրտչյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դեմ ներկայացրած բողոքը։

Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով մահապատժի, իսկ ավելի ուշ՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մկրտչյանը, ով չի ընդունում մեղադրանքը, բողոքարկում էր կալանավայրում հեռախոս պահելու համար հինգ տարի առաջ նշանակված երկու վարչական տույժերը, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկն այժմ չի քննարկում իրեն վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։

Որոշման հրապարակումից առաջ դատապարտյալը հանդես եկավ ելույթով: Ասաց՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն տարիներ շարունակ չի ունեցել։ «Հինգ տարի մարդկանց զրկեն․․․ իրանց հարազատների հետ շփվելու համար․․․ վաղաժամկետ ազատ արձակելու իրավունքից։ Հեռախոսը չի ծառայել որևէ այլ խախտման, որևէ այլ զանցանքի, որևէ այլ բանի, ես դա եմ աբսուրդ համարում։ ինձ ասել են՝ երբ որ հանձնես, կխուսափես պատժից»,- դատարանում ասաց Մկրտչյանը։

Դատավոր Գաբրիելյանը հակադարձեց՝ իրենք որոշում են կայացրել, հիմնվելով բացառապես օրենքի վրա՝ «Ենթադրենք քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկն անգրագետ ա ու ձեզ ասում ա՝ եթե դու հիմա հանձնես, դու կազատվես պատասխանատվությունից: Հիմա մենք ի՞նչ անենք, օրենքը դնենք մի կողմ, էդ անգրագետին դնենք մի կողմ, որ էն ժամանակ ձեզ ասել ա՝ եթե հանձնես, կազատվես, ճիշտ կլինի՞ սա»։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը դեռ իր պաշտոնավարման սկզբում բարեփոխումների օրակարգ էր ներկայացրել, խոստանալով, մասնավորապես, վերանայել արտաքին աշխարհի հետ դատապարտյալի շփման կարգն ու մեծացնել դրա հնարավորությունները: Սակայն, փոփոխություններ այդպես էլ չեղան։

Մկրտչյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այս որոշումը: Նրա շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը չբացառեց, որ կարող են նաև Սահմանադրական դատարան դիմել։ «Քրեական և վարչական դատավարություններում օրենսդրությունը հստակ կա, հիմքը կա, կարող է անձը նույնիսկ հանցագործություն կատարի, բայց ազատվի պատիժը կրելուց։ Արարքի պատիժը պետք է համաչափ լինի և այլն, և այլն։ կարծում եմ՝ էս հարցը կքննարկենք, միգուցե նաև Սահմանադրական դատարան դիմենք»,- ասաց փաստաբանը:

Ցմահ բանտարկության դատապարտված Արթուր Մկրտչյանը ծառայակիցների սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ Մկրտչյանի, նրանց սպանել են 3 անծանոթներ, ովքեր դիրքեր էին եկել զենք գնելու նպատակով: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, երկու տարի առաջ «Հետք»-ին տված հարցազրույցում խոսելով Մկրտչյանի գործի մասին, հաստատել էր, որ դեպքի վայրում այլ անձինք են եղել։ Ջհանգիրյանի այս հայտարարության հիման վրա Մկրտչյանը դիմել էր դատախազություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքով գործը վերաբացելու համար, սակայն, նրա դիմումը մերժվել էր: Վաղաժամկետ ազատ արձակման համար դիմելու հնարավորություն Մկրտչյանը կունենա երեք ամիս անց։