Բաքվում բերման է ենթարկվել արձակագիր Աքրամ Այլիսլին

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, արխիվ

Նա պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության ճնշման տակ հայտնվեց 2013-ին՝ «Քարե երազներ» վեպի լույս ընծայումից հետո: Գրողին մեղադրում էին հայամետ լինելու մեջ և սպառնում էին արտաքսել երկրից:

Ադրբեջանցի ամենահայտնի արձակագիրներից մեկը` Աքրամ Այլիսլին, այսօր վաղ առավոտյան Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի տարածքից բերման է ենթարկվել Բաքվի տրանսպորտային ոստիկանության գլխավոր վարչություն: Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի հետ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության չվերթով պատրաստվում էր մեկնել Ֆրանկֆուրտ, որտեղից էլ ուղևորվելու էր Վենետիկ` այնտեղ մեկնարկած գրքի փառատոնին մասնակցելու նպատակով:

79-ամյա Այլիսլիի բերման ենթարկելու պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածները տարբերվում են: Գրողի կինը` Գալինա Այլիսլին, պնդում է, որ սահմանապահներն իր ամուսնուն չեն թույլատրել հատել սահմանը, պատճառաբանելով, որ նա գտնվում է հատուկ ծառայությունների կազմած այն ցանկում, որում ընդգրկված անձանց արգելված է լքել Ադրբեջանի տարածքը:

Ներքին գործերի նախարարությունը, սակայն, պնդում է, որ Այլիսլին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել սահմանապահների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Ներքին գործերի նախարարության խոսնակ Օրհան Մանսուրզադեն, մասնավորաբար, հայտարարել է՝ «Այլիսլին բերման է ենթարկվել օդանավակայանի սահմանային անցակետում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու համար: Այժմ ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները»:

Հիշեցնենք՝ Աքրամ Այլիսլին պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության իշխանամետ հատվածի հուժկու ճնշման տակ հայտնվեց 2013-ի հունվարին, երբ մոսկովյան ''Дружба Народов'' ամսագիրը հրապարակեց նրա «Քարե երազներ» վեպը: 80-ականների վերջի և 90-ականների սկզբի իրադարձությունների, մասնավորաբար, Սումգաիթի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև՝ Նախիջևանի երբեմնի ամենահայտնի հայաբնակ բնակավայրերից մեկի` Ագուլիսի մասին պատմող այդ վեպը շատերն Արդբեջանում որակեցին որպես հայամետ ստեղծագործություն, որի գլխավոր նպատակը ադրբեջանցիների ազգային ինքնության ոտնահարումը, նրանց որպես ջարդարար ու թալանչի ներկայացնելն էր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վեպի լույսընծայումից մի քանի օր անց Այլիսլիին զրկեց ժողովրդական գրողի կոչումից: Նույն օրերին իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թևի անդամները Բաքվի կենտրոնում կազմակերպեցին Այլիսլիի գրքերի խորհրդանշական հուղարկավորությունը: Երիտասարդների մեկ այլ խումբ էլ ավելի հեռուն գնաց` այն շենքի բակում, որտեղ բնակվում է Այլիսլին, այրեցին գրողի լուսանկարներն գրքերը:

Ադրբեջանի ամենասկանդալային իշխանամետ գործիչներից մեկն էլ`«Մուասիր Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևն էլ 12 հազար դոլար պարգև էր խոստացել նրան, ով կկտրի արձակագրի ականջը: Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն ևս 2013-ի ձմռանը կոշտ քննադատություն հնչեցրեց Այլիսլիի հասցեին նշելով` «Նա անարգել է իսլամը, ոտնահարել ադրբեջանցի ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքները: Կարող եմ ասել, որ Այլիսլին հերետիկոս է և անաստված»: Աքրամ Այլիսլիի շուրջ ծագած սկանդալն այն աստիճանի էր թեժացել, որ նրա վեպը 2013թ․ փետրվարին քննարկման առարկա էր դարձել անգամ Ադրբեջանի խորհրդարանում՝ Միլի Մեջլիսում:

««Дружба Народов»-ում տպագրված իր վեպի նախաբանում Աքրամ Այլիսլին պնդում է՝ երբ հակամարտության մի կողմն ընդունում է իր մեղքը, մյուս կողմը ևս կընդունի իր կատարած սխալները, և դա յուրատեսակ բարի կամքի դրսևորում է: Ինչպիսի հիմար տրամաբանություն: Իմ կարծիքով Աքրամ Այլիսլիին հարկավոր է զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից և ուղարկել Երևան: Թող գնա որպես սպասավոր ծառայի մի որևէ հայկական եկեղեցում»,- 2013-ի փետրվարի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարում էր Միլի Մեջլիսի պատգամավոր Նիզամի Ջաֆարովը:

Ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան էլ այդ նույն քննարկման ժամանակ Այլիսլիին դավաճան էր անվանել: «Այս ամենը պարզ դավաճանություն է: Նորմալ մարդու ուղեղում դա ուղղակի չի տեղավորվում, սա դուրս է տարրական տրամաբանության շրջանակից»- ասում էր Միլի Մեջլիսի փոխխոսնակը: