Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Վաշինգտոնի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին մասնակցելը ամերիկյան այցը սկսել է Բոստոնից, որտեղ բազմահազարանոց հայկական համայնք կա:
Boston Globe պարբերականը գրում է, որ Հայաստանի նախագահը առաջին անգամ է այցելում Բոստոն և այցը համընկնում է Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի հետ: Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջեյմս Գալուստյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մարդիկ ոգևորված են, պատիվ են համարում Բոստոնում ընդունել Հայաստանի նախագահին:
Ջեյմս Գալուստյանը ընդգծել է, որ Բոստոնի հայ համայնքը քաղաքի ամենահին, ամենալավ կազմակերպված և ակտիվ համայնքներից մեկն է:
Հայաստանի նախագահը երկուշաբթի օրը այցելել է Ուոթերթաունի եկեղեցի և Քեմբրիջի Սուրբ Երրորդության եկեղեցի: Սերժ Սարգսյանը Բոստոնում մի քանի օր կանցկացնի: Երեքշաբթի օրը նա այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի և«Հայկական ժառանգության պուրակ», այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Շրջայցի ավարտին ՀՀ նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի հուշարձանի մոտ:
Չորեքշաբթի օրը հանդիպում է նախատեսված մի շարք պաշտոնյաների, մասնավորապես՝ Մասաչուսեթսի նահանգապետ Չարլի Բեյքերի և նահանգի այլ պաշտոնյաների հետ:
Բոստոնից Սերժ Սարգսյանը մեկնելու է Վաշինգտոն՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Այս գագաթաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը: