«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ անիմաստ է համարում դիտորդի կարգավիճակով մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին։
Կուսակցությունը պատճառաբանում է, որ «Հայ ազգային կոնգրես կուսակցության կողմից առաջարկված բանակցային ֆորմատը չի ենթադրում ներառական հնարավորություն, քանի որ ձևավորվում է միայն ԱԺ խմբակցություններից՝ հաշվի չառնելով արտախորհրդարանական քաղաքական ուժերին»։
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի անակնկալ առաջարկը հարց է առաջացնում՝ արդյո՞ք նա այդ առաջարկը քննարկել է ընդդիմադիր ուժերի, իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ և ստացե՞լ է նաև՝ 4+4+4 ձևաչափի վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը», - ասված է հայտարարությունում։
«Լուսավոր Հայաստան»-ը նշել է, որ կուսակցությունն արդեն իսկ միացել է հինգ կետերին, որոնք ներկայացվել են հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների կողմից, և այդ կետերից զատ մի շարք այլ առաջարկներ նույնպես կներկայացնի Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ։
«Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր հիմնադրման օրվանից հայտարարել է, որ մասնակցային քաղաքական ուժ է, հետևաբար, որևէ ձևաչափի բանակցություններին կարող է մասնակցել միայն այն դեպքերում, երբ կայացվող որոշումների վրա կունենա իր մասնակցությամբ ազդելու իրական հնարավորություն, որը չի ընձեռում դիտորդի կարգավիճակը», - ասված է հայտարարությունում։
Ազգային ժողովում այսօր կմեկնարկեն 4+4+4 ձևաչափով բանակցությունները Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ։