Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ պայքարում են Սեդվի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Կառուցող «Սեդվի Էներգո» ընկերությունն արդեն մեկ հանրային լսում է անցկացրել գյուղում, սակայն, գյուղացիների հետ ընդհանուր լեզու չի գտել:
Անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող հագվեցիների պնդմամբ, գետի ջուրը հազիվ է բավականացնում իրենց այգիները ոռոգելուն: «Էսօր մենք մեծ վարկեր ունենք, եթե էդ մարդիկ գալիս են մեզ ասում են՝ ստեղից գնա, մեր տարածքները չօգտագործես ․․․ ես կիսատ էդ վարկերը պետությանը պարտք եմ մնալու, էդ անասուններն էլ որոնք գնել եմ բարձր գներով, էժան պիտի ծախեմ ու ստեղից թողնենք հեռանանք»,- բողոքում են մարդիկ:
Ռուսլան Կիրակոսյանը երկու որդիների հետ խոշոր ներդրում է արել և գյուղում, Սեդվի գետի ափին, մի քանի հեկտար տարածքով ազնվամորու այգի է հիմնել: Արդեն մեկ տարի է՝ այգին մշակում են ու մտածում այն ընդլայնելու մասին: Կիրակոսյանի խոսքով` այգին նաև աշխատատեղեր է ապահովում: Նա մտահոգված է՝ իր բիզնեսը վտանգի տակ կհայտնվի, եթե Սեդվիի վրա ՀԷԿ կառուցվի: «Ամեն օր, ոչ օրումեջ, ամեն օր կհավաքենք մի տոն մալինա, ու դրա հավաքելու համար 40 մարդ աշխատանք կունենա, տարեկան չորս ամիս ամեն օր աշխատանք կունենան, էս մեր մոտակայքում ոչ մի աշխատատեղ չկա»:
Հագվեցի Սուսաննա Պապինյանը, ով վարկային միջոցներով անասուններ է ձեռք բերել, ևս լուրջ մտահոգություն ունի: Ասում է՝ Հէկ-ի կառուցման դեպքում ինքն այլևս գյուղում անելիք չի ունենա: «Ստեղ ոչ թե իրանց, մեզ չի հերիքում, իրանց որտեղի՞ց հերիք անի, որ մեզ էլ ջուր տան, ջուրը ինձանից վեր ունեն, ասեն՝ քեզ ջուր կտա՞նք»,- տարակուսում է նա:
Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասնագետ Ինեսա Գաբայանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե ՀԷԿ-ը ոչ անասուններին կխանգարի, ոչ էլ հողագործությամբ զբաղվողներին: «Էն որ այդտեղ պահանջվող ջրի քանակը մնալու է և անասնապահությանը չի վնասելու, դա էլ միանշանակ հիմնավորվում է նախագծով»,- վստահեցնում է մասնագետը: Գյուղացիները, սակայն, թերահավատ են: Ինչպես Մարց գետը ցամաքեց ՀԷԿ-ի կառուցումից հետո, այնպես էլ Սեդվին կցամաքի, ասում են նրանք ու հավելում՝ «մենք մինչև վերջին, էն երեխուց բռնացրած, կանգնած ենք, որ կարենանք մեր հողերը ջրենք»:
Գյուղի երիտասարդներից 27-ամյա Սամվել Մանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընկերությունը մի շարք կարևոր հանգամանքներ հաշվի չի առել: Օրինակ՝ նախագծում նշված են միայն ներկայիս ոռոգվող այգիները, մինչդեռ, Սեդվիի մոտ կան անմշակ այգիներ, որոնք նույնպես առաջիկայում մշակվելու են: Սամվելն ընկերների հետ ստորագրահավաք է կազմակերպել՝ ՀԷԿ-ի կառուցման դեմ:
«Սեդվի էներգո» ընկերության իրավաբան Ներսես Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ընկերությունը պատրաստ է «կոմպրոմիսի գնալ» գյուղացիների հետ: «Համայնքի բնակիչները, եթե իրենք դեմ են, կարող են դա օրինական ձևակերպել, ուղարկել համապատասխան կազմակերպությանը, որ մենք դեմ ենք … հիմքերը նշեն, կազմակերպությունը պարտավոր է իրանց պատասխան ուղարկել»,- ասում է իրավաբանը:
Հագվիի գյուղապետ Հայկասար Մայիլյանը համաձայնության մասին չի մտածում: Նա ևս համարում է, որ Սեդվիի ջուրը հազիվ անասնապահության ու հողագործության պահանջներն է բավարարում: Լոռու մարզպետարանում խնդրին ընդհանրապես ծանոթ չեն: Բնապահպանության բաժնից միայն փոխանցեցին՝ հանրային լսումներին մասնակցելու մասին որևէ գրություն չեն ստացել: