Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում հայտնի «Տոսպ» ընկերության տնօրենը պնդում է, թե շուրջ 50 հազար դոլարի վնաս է կրել ռուսական «Աէրոֆլոտ»-ի մեղքով, սակայն, ամիսներ շարունակ չի կարողանում ստանալ հետևյալ հարցերի հստակ պատասխանը՝ ո՞վ և ե՞րբ է փոխհատուցելու իր երկու տոննա ապրանքը փչացնելու և ուշացումով տեղ հասցնելու դիմաց:
«Օգոստոսին ես ուղարկել եմ, ըստ փաստաթղթի, բեռը պետք է հասներ 2 օրվա ընթացքում Նյու Յորք, ամենաուշը 30-ին, բայց... հունվարի վերջին գրեցին՝ քանի որ ձեր կորուստը գերազանցում է 10 հազար դոլարը, հարցով կզբաղվի ապահովագրական ընկերությունը: Բայց թե ինչով են զբաղվում մինչև հիմա, չգիտեմ: Փորձում եմ կապվել ապահովագրական, ասում են՝ դու ո՞վ ես»,- «Ազատությանը» պատմեց «Տոսպ»-ի սեփականատեր Սուրեն Բեկիրսկին։
Դեռ անցած օգոստոսին գործարարը «Աէրոֆլոտ»-ի միջոցով բամբակե սպիտակեղեն է արտահանել Միացյալ Նահանգներ՝ ավիափոխադրողին նախապես վճարելով 3.500 դոլար։ Ասում է՝ հատուկ է ռուսական այդ ընկերությունն ընտրել՝ հուսալով, թե բեռն արագ կփոխադրվի, մինչդեռ «Աէրոֆլոտ»-ը, խախտելով ստանձնած պարտավորությունը, երկու շաբաթ շարունակ ապրանքը պահել է Մոսկվայի օդանավակայանում, բաց երկնքի տակ՝ արևի ու անձրևի պայմաններում։
«Տարանցիկ պահեստում տեղադրելու փոխարեն դրել են բաց երկնքի տակ։ Չգիտեմ՝ պահեստում տեղ չի եղել, տանիքն է վնասված եղել, թե ինչ: Բեռը բաց ամպի տակ էր պահեստավորված, ընդ որում՝ երկու շաբաթ։ Նույն օրը ինքնաթիռները թռնում էին, բայց բեռը, չգիտես ինչու, չէին տանում։ Իրենց ներքին օղակներում ինչ-որ մի բան խախտվել էր, չգիտեմ, թե ինչ: Փաստն այն է, որ բեռը տեղափոխվելու փոխարեն, երկու շաբաթ մնաց բաց երկնքի տակ»,- շարունակում է Բեկիրսկին։
«Տոսպ»-ի ամերիկացի պատվիրատուն, որը նախապես ավելի քան 37 հազար դոլար է վճարել, հրաժարվել է Նյու-Յորք հասցված ապրանքից` պնդելով, թե այն այլևս պիտանի չէ: Սուրեն Բեկիրսկին ամերիկացի գործընկերոջ վնասը փոխհատուցելու համար ստիպված ապրանքի երկրորդ խմբաքանակն է ուղարկել։
«Բիզնես է սա, և մենք մեծ շահութաբերություն չունենք: Պատրաստ եմ զոհաբերել թեկուզ մարժա, բայց շատ ներողություն, սեպտեմբերից ես վճարում եմ բանկային տոկոսներ, տույժեր ու տուգանքներ: Այդ ապրանքը վերականգնելու համար ստիպված մեծ ծախսեր ունեցա։ Այո, միգուցե այդ ռուսական բարդակը, որը բերեց այս ամենին, ինչ-որ ձևով հատուկ է ռուսական ընկերությանը, բայց ներողություն, մեզ մոտ նման բան չի՞ լինում»։
«Տոսպ»-ի սեփականատերը ցույց է տալիս «Աէրոֆլոտ»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ ամիսներ շարունակվող օնլայն նամակագրությունը: Ռուսական ընկերությունը պնդել է՝ քանի որ կորուստը գերազանցում է 10 հազար դոլարը, հարցով պետք է զբաղվեն ապահովագրական ընկերությունները: Բեկիրսկին 2 ամիս է` փորձում է կապվել նաև այդ ընկերությունների հետ: Առայժմ որևէ սպառիչ պատասխան չի ստացել։
«Երևի թե «Աէրոֆլոտ»-ն իրա գլխացավանքը տեղափոխում է ապահավագրության դաշտ: Ու եթե հատուցելու հետ կապված ինչ-որ գործողություն լինի, կլինի ապահովագրականի միջոցով: Բայց թե դա ինչ ձևով է արվում՝ և՛ արագությունը, և՛ աշխատանքի որակը, և՛ ինֆորմացված լինելու խնդիրն ինձ արդեն վախեցնում է, որովհետև վախենում եմ, որ դա ֆորմալ բնույթ կրող գործընթաց է: Դե ֆակտո, կարող է պատահի՝ գործընկերս ինձ եթե հատուցի, կհատուցի շատ ավելի քիչ, քան ես տուժեցի»,- մտահոգություն է հայտնում Բեկիրսկին։
«Աէրոֆլոտ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատության»-ը փոխանցեցին, թե մեր գրավոր հարցմանը կպատասխանեն միայն լրատվության պատասխանատի համապատասխան որոշման դեպքում: