Նախագահ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վրացի նախարարի առաջին պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում:

ՀՀ նախագահը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը, ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, ՀՀ-ն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում կուտակած փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրագործման առումով: Կողմերի համոզմամբ, դա որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են նաև երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտությանը: