Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի, Վրաստանը վերաիմաստավորել է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է խորացնել կապերը պաշտոնական Երևանի հետ:
Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտ Միխեիլ Ջանելիձեն, ով մոտ երկու ամիս է, ինչ գլխավորում է Վրաստանի արտգործնախարարությունը, երկօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Տեսնում ենք, որ Վրաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնել հայ-վրացական հարաբերությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը: - «Կարևոր է, թե երբ է դա արվում: Վրաստանը նման նախաձեռնություն է ցուցաբերում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ի հայտ եկած լուրջ ճգնաժամի ֆոնին, որը դժվար վիճակում է դնում Վրաստանին: Երկրորդ կարևոր զարգացումը, որը նպաստում է հայ-վրացական հարաբերությունների խորացմանը, Իրանի «բացվելն» է: Այս այցի ընթացքում վրացական կողմի համար կարևոր է լինելու հասնել նրան, որ Հայաստանն ավելի ակտիվ գործի իրանական գազը Վրաստան հասցնելու ուղղությամբ»:
Վերջին շրջանում գրեթե յուրաքանչյուր ամիս Երևան են այցելում Վրաստանի առանցքային նախարարների գլխավորած պատվիրակությունները: Դեկտեմբերին այստեղ էր նախկին փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փետրվարին Հայաստանում ընդունեցին Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, սպասելի է, որ երկու երկրները նոր որակի համաձայնությունների կհասնեն ոչ միայն տնտեսական, այլև՝ անվտանգության ոլորտներում․ - «Տեսնում ենք, որ ավելի բարձր մակարդակի համագործակցություն է հաստատվել Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև, բայց սա նաև նպատակ է հետապնդում կանխելու երրորդ կողմի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի հնարավոր միջամտությունը՝ վնաս հասցնելու հայ-վրացական հարաբերություններին: Սպասելի է, որ հայ-վրացական համագործակցությունը կընդլայնվի Ջավախքի ու այլ հարցում նույնպես»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Սաակաշվիլիի նախագահությունից հետո Վրաստանը փոխվում է, ինչն անդրադառնում է նաև Հաայստանի հետ հարաբերությունների վրա․ - «Սաակաշվիլիի օրոք Վրաստանում համարում էին, որ իրենց երկիրը ոչ թե Կովկասում է, այլ ինչ-որ տեղ Ատլանտյան օվկիանոսում՝ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև, և որպեսզի խոսեք Վրաստանի հետ, պետք է խոսեք Բրյուսելի և Վաշինգտոնի հետ: Իսկ հիմա Վրաստանի մայրաքաղաքը, անշուշտ, Թբիլիսին է: Վրաստանը փորձում է գիտակցել իր շահերը: Փորձում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը շատ դժվար է, բայց փորձում են: Ձգտում են հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որոնք նախկինում գրեթե բացակայում էին: Հարաբերություններ են զարգացնում Ադրբեջանի հետ․․․ այդպես շարունակ: Եվ Հայաստանն էլ այդ շարքում է: Այսինքն Վրաստանը փորձում է վարել այնպիսի քաղաքականություն, որը հաշվի կառնի իրականությունը, որ այդ երկիրը գտնվում է Կովկասում»: