ՀԱԿ-ը վստահեցնում է` Հրազդանում որպես հանձնաժողովական առաջադրել են վստահելի անձանց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի թեկնածությունն առաջադրելու մասին, 26-ը փետրվարի, 2016թ.

Հայ ազգային կոնգրես խմբակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրություններում, այդ թվում` Հրազդանում տեղամասային ընտրական հանձնաժողովներում իր թեկնածուներին։

Հրազդանի ընտրական հանձնաժողովներում անդամների նշանակումը հայտվել էր ուշադրության կենտրոնում, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի աջակիցներին։ Խմբակցության մամուլի քարտուղար Արմեն Խաչատրյանը պնդում է՝ Փաշինյանը չի առաջարկել այդ հարցը քննարկել խմբակցության նիստում:

«Մինչև այս պահը ֆրակցիայում մեր կողմից ներկայացված ցուցակի կամ այդ ցուցակը ներկայացնելու կարգի հետ կապված որևէ փոփոխության առաջարկ չի եղել, և խմբակցությունը այս ցուցակը ևս հաստատել է այն նույն ընդունված կարգով, որը խմբակցությունում հաստատվել է բոլոր պատգամավորների կողմից», - «Ազատությանը» փոխանցեց խմբակցության խոսնակը:

Խաչատրյանի խոսքով՝ 2012-ին ընդունված կարգի համաձայն պատգամավորները լիազորել են խմբակցության ղեկավարին ներկայացնել ընտրական հանձաժողովներում ՀԱԿ-ի թեկնածուներին՝ մարզային կառույցների առաջարկով։ - «Հրազդանի դեպքում ևս այդպես ենք վարվել», - ասաց նա, - «ցուցակը կազմվել է այդ նույն` գործող կարգով»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի ընդունում ՀԱԿ-ի խոսնակի բացատրությունը, հիշեցնելով՝ ինքը գրություն է ուղարկել Լեւոն Զուրաբյանին, ինչից հետո, ըստ պատգամավորի, խմբակցությունը պետք է նիստ հրավիրեր, հարցը մցներ օրակարգ և դներ քվեարկության։

«Ինչպե՞ս է լինում առաջարկելը. ես գրություն եմ ուղարկել խմբակցության ղեկավարին, ես հրապարակային հայտարարել եմ, որ` թող ասեն նիստի տեղը, ժամը, որովհետև այդ հարցի վերաբերյալ, ես կարծում էի, որ պետք է հատուկ նիստ տեղի ունենար, որովհետև այս հարցը շատ մեծ հանրային հնչեղություն էր ստացել», - ասում է Փաշինյանը:

ՀԱԿ խմբակցության խոսնակը վստահեցնում է, որ Հրազդանում որպես հանձնաժողովական առաջադրել են վստահելի անձանց, ովքեր կարող են հետևել ընտրությունների օրինականությանը։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց՝ ցուցակին կծանոթանա, երբ այն հրապարակվի, իսկ մինչ այդ մտավախություն, այնուամենայնիվ, ունի. - «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ էլ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրենք ավելի քան 1700 վստահելի անձանց նշանակել են տեղամասային ընտրական հանձնաժողովներում, հանրաքվեից հետո հայտարարեցին, որ համատարած կեղծիքներ են տեղի ունեցել տեղամասերում, բայց հետո պարզվեց, որ այդ վստահելի մարդկանցից ավելի քան 1200-ը, ովքեր պետք է բողոքարկեին տեղամասերում քվեարկության արդյունքները և վերահաշվարկ պահանջեին, չեն բողոքարկել»:

ՀԱԿ ներկայացուցիչը հակադարձում է. - «Մենք ունենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեի պատկերը, որտեղ 27 տեղամասերից 18-ում «այո»-ն չկարողացավ հաղթել, պարտվեց: Այս մարդիկ, ըստ էության, հաղթած հանձնաժողովականներ են, ովքեր գործով ցույց են տվել, որ ի զորու են պայքարել հանձնաժողովներում, պահպանել օրինականությունը, ընտրական իրավունքը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Սասուն Միքայելյանն ասաց՝ ՀԱԿ-ի թեկնածուների ցուցակին ծանոթանալուց հետո միայն կասի` բավարարված է առաջադրված հանձնաժողովակններով, թե ոչ: