«Հայ կանանց ճակատ»-ը խորհրդանշական ակցիա անցկացրեց ոստիկանության շենքի մոտ

Մի քանի փորձերից հետո միայն ընդդիմադիր կանանց այսօր հաջողվեց ճեղքել իրավապահների դիմադրությունն ու մոտենալ ոստիկանության շենքին: Սյուզան Սիմոնյանը շղթայեց մուտքի դուռը, վայրկյաններ անց, սակայն, ուժի գործադրմամբ հեռացվեց:

Հուդայի կողմից Քրիստոսի մատնության օրը «Նոր Հայաստան» շարժման կանայք խորհրդանշական ակցիա էին անում՝ պնդելով, որ Գևորգ Սաֆարյանը ոստիկան Գեղամ Խաչատրյանի սուտ մատնությամբ է կալանավորված: Նույն ոստիկանը ժամանակին նաև Շանթ Հարությունյանի դեմ էր ցուցմունք տվել՝ պնդելով, թե ընդդիմադիրը հարվածել է իրեն:

Կանանց գալուց առաջ արդեն ոստիկանության շենքի մոտ իրավապահները մեծ ուժեր էին կենտրոնացրել: Ընդդիմադիրները՝ բանտարկյալների հագուստով, ձեռքերին՝ շղթա, երթով մոտեցան Քննչական կոմիտեի նախկին շենքին, որտեղ ժամանակին հարցաքննվում էին համախոհները, այդ թվում՝ Գևորգը և Ժիրայր Սեֆիլյանը: Մեջքով դեպի Ազգային անվտանգության շենքը՝ կանայք պարզել էին «Ոչ Սերժ Սարգսյանի բռնապետությանը» գրությամբ պաստառներ:

«Սա խորհրդանշում է պատի տակ գնդակահարությունը, իսկ դա հատուկ է հենց բռնապետական երկրին»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:

Ամանորի գիշերվանից ճաղերի հետևում հայտնված Գևորգ Սաֆարյանի կալանքն ավարտվում է ապրիլի 1-ին, բայց քննիչը միջնորդել է մեկուկես ամսով երկարացնել ազատազրկումը:

«Փորձում ենք ինչքան հնարավոր է երկացացնել նրան ճաղերի ետևում պահելը: Մինչև ուր պիտի գնա իրենց էս ոտնձգությունը քաղաքացու նկատմամբ»,- ասաց Ռուզաննա Եղնուկյանը։

«Հիմա էլ արդեն Գևորգը ճանաչվել է որպես տուժող, եթե ինքը տուժող է, ապա գոնե պիտի իրեն ազատ արձակելու միջնորդությունը բավարարեն: Պարզապես կատարվում է Սերժ Սարգսյանի անմիջական հրամանը: Նա հիմնականում աշխատում է մեկուսացնել հենց պայքարողներին, հենց դրա համար են էսօր Շանթը և ընկերները բանտում, դրա համար են էսօր Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը բանտում»,- հավելեց Իրինա Հարությունյանը:

Կանայք երթով հասան հրապարակ, Կառավարության շենքի ճանապարհին դարձյալ ոստիկանական պատ էր: Ի վերջո հաջողելով անցնել Կառավարության առջևով՝ ցուցարարները «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջներ հնչեցրին:

Ոստիկանները քայլ առ քայլ ամենուր հետևում էին կանանց: Հրապարակում հայտարարելով, թե իբր ակցիան ավարտված է՝ նրանք տաքսիներով արագ վերադարձան ոստիկանության շենքի մոտ, որտեղ էլ ակցիան ավարտվեց: Ի տարբերություն նախորդ պիկետների, այս անգամ կանայք բերման չենթարկվեցին, բայց ինչպես ահազանգեցին ցույց հետո, ոստիկանական մեքենաները հետապնդել էին իրենց մինչև տներ:

Կանանց ճակատն, ի դեպ, այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմեց՝ պահանջելով պատժել մարտի 18-ի քաշքշուկով ուղեկցված երթի ժամանակ իրենց վիրավորած ոստիկանին: «Անընդհատ մեր կողքով անցնելիս ասում էր, որ մենք 4000 հազարանոց կանայք ենք»:

Կանանց ճակատը հայտարարում է, որ շարունակելու է բողոքի ակցիաները: