ԱԱԾ-ն կպատասխանի Նիկոլ Փաշինյանի դիմումին

Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ստացել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, ուսումնասիրում են և կպատասխանեն դրան:

Փաշինյանը պնդում է, թե երկու օր առաջ, երբ այցելել է Հրազդանի դպրոցներ, իրեն հետևել ու գաղտնի տեսանկարահանել են։ Պատգամավորը պահանջում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պարզի՝ ովքեր և ինչու են իրեն հետևել։ Փաշինյան Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետն է:

Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ նամակ էին ստացել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից, որտեղ հեղինակները պնդում էին, որ Փաշինյանը, ներկայանալով որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, փորձել է ճնշումներ գործադրել դպրոցների տնօրենների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Նամակին կցել էին լուսանկարներ ու տեսագրություն։