Մոտ տասը կազմակերպություններ ներկայացրել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց առաջնային միասնական պահանջները։
Հայտարարությունում կուսակցությունները նշել են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն կարևորագույն հինգ մեխանիզմները՝ ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում՝ հարևան Վրաստանում կատարված մոդելով, մասնավորապես՝ պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին, Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը, ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն հինգ որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն, տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը և ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։
Կազմակերպությունները հիմանվորել են նաև իրենց պահանջները՝ նշելով, որ ընտրողների քվեարկած ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, «քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը»:
«Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել», - ասված է հիմնավորման մեջ։
Նրանք նշել են, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումն իրենց կարևորագույն պահանջն է: «Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլև թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն», - ասված է հայտարարությունում:
Կուսակցությունները նաև նշել են, որ կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարևոր է նաև, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: «Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում», - հայտարարել են կազմակերպությունները։
«Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաև ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենան տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերևացող և մեկ օր հետո վերացող թանաքով», - ասված է հայտարարությունում:
Նրանց համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները «հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը»:
«Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, և չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետևից կվերացնի նաև նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները», - ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: «Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները և այլն: Որպես նման խախտումների կանխարգելման և առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլև կհեռարձակեն այն համացանցով»։
Նրանք նշել են, որ յուրաքանչյուր տեղամասում մեկ տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, մեկ տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, երկու տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, մեկ տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը:
Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս չորսը պետք է վերադասավորվեն այնպես, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը՝ ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու և ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը:
Հայտարարությունը ստորագրել են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի Եվրոպա» միավորումը, «Էլեկտրիկ Երևան»-ը Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը։
Պահանջներին սատարելու առաջարկ է ուղարկվել նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին:
Մարտի 22-ի դրությամբ սույն հայտարարության պահանջներին աջակցել են Հայ ազգային կոնգրեսը, «Հայկական Վերածնունդ», «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Ազատություն», Հայաստանի Ժողովրդական, «Հայոց համազգային շարժում», «Լուսավոր Հայաստան» (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ) կուսակցությունները:
«Հայտարարությանը միանալու հարցը քննարկվում է «Քաղաքացիական Պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններում: Հայտարարությունը բաց է միանալու համար», - ասված է հայտարարությունում։