Ավան-Առինջի 1/9 շենքի երեք բնակիչներ դատական պայքարի մեջ են մտել իրենց սպասարկող «Նարեկ» համատիրության դեմ։ Ըստ բնակիչների՝ համատիրությունն իր պարտականությունները չի կատարում, իրենք էլ արդեն չորս տարի է՝ չեն վճարում սպասարկման վարձը։ Հովհաննես Լալայանի պարտքն հասել է 78 հազար դրամի, համատիրությունը դատի է տվել՝ պարտքը մարելու պահանջով։
«Իրենք հայցով մտել են դատարան, ես էլ հակընդդեմ հայցով եմ մտել, որ իրենք պարտադիր նորմերի պահպանման ուղղությամբ ոչ մի աշխատանք չեն կատարել, միայն գումարներ են հավաքագրել՝ խաբելով բնակչությանը, որ էս կանենք, էն կանենք, բայց ոչ մի բան չեն արել: Ես էլ իմ վճարած 150 հազար դրամը հետ եմ պահանջում, որ մուծել եմ ժամանակին»,- ասաց Լալայանը:
Ավանում փետրվարից ավելացել է համատիրություններին վճարվող բնակվարձը՝ մեկ քառակուսի մետրի համար17 դրամը դարձել է 25։
«Երբևիցե հաշվետվություն չեն ներկայացրել և երբևիցե չեն ասել, թե այդ հավաքագրված գումարները ինչ ուղղությամբ են ծախսվել»,- դժգոհեց Ավան-Առինջի բնակիչ Գեղամ Տեր-Սահակյանը:
Շաբաթներ առաջ համատիրությունների աշխատանքին բացասական գնահատական էր տվել Ավանի նախկին թաղապետ, այժմ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Համատիրությունները դարձել են միայն տեղեկանք տվող կառույցներ, միայն պահանջատեր են ամեն ամիս գումարներ գանձելու հարցում՝ չհասկանալով, որ պետք է հաշվետու լինեն մեր քաղաքացիներին»,- ասել էր քաղաքապետը:
Ավանում գործող համատիրության ղեկավարը, սակայն, վստահ է՝ քաղաքապետի քննադատությունն իրենց չի վերաբերում, իր ղեկավարած համատիրությունն իդեալական է աշխատում, նույնիսկ այգիներ են բարեկարգել, բնակիչներին էլ ներկայացնում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները։
«Շենքում վերանորոգումը արված է ամբողջությամբ վերևից ներքև, տանիքը նորմալ վիճակում է, նկուղում կաթոց չկա, մաքրությունը նորմալ է»,- ասաց «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը:
Դատարանը բնակիչներից մեկի դեմ համատիրության հայցը բավարարել է, բնակիչն էլ իր հերթին բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որտեղ էլ առաջին ատյանի վճիռը բեկանվել է և ուղարկվել նոր քննության, մյուս երկու բնակիչների դեմ հայցերը դեռ քննվում են։ Ավելի քան տասը տարի շենքում ապրող Հովհաննես Լալայանն ասում է՝ միայն իրենց բողոքներից հետո է Ավանում 35 շենք սպասարկող համատիրությունը որոշ աշխատանքներ սկսել։ «Ուղղակի մեր աչքերը փակելու համար եկել, ներկ են փչել»,- ասաց նա:
Բողոքող բնակիչների խոսքով՝ իրենց սպասարկող «Նարեկ» համատիրության ղեկավար, հանրապետական Առնակ Մանուչարյանը ոչ թե ընտրվել է, ինչպես օրենքն է պահանջում, այլ նշանակվել նախկինում Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի կողմից, և հենց նրան աջակցելու շնորհիվ էլ մնում է իր դիրքում։
«Չգիտեմ՝ ինչից են եզրակացրել, որ համատիրությունը գործ չի անում, գումարների մասով դիմել են դատախազություն, թե փոշիացվում են, դատախազությունը ստուգումներ է նշանակել և եզրակացրել, որ ամբողջությամբ գործերը կատարվում են»,- ասաց Մանուչարյանը:
Համատիրության ղեկավարն, ի դեպ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ Ավանի 1/8 տեղամասի հանձնաժողովի նախագահն էր, նա տեսախցիկների առջև սպառնալիքներ էր հնչեցրել տեղամասում ներկա լրագրողի հասցեին։
Համատիրության ղեկավարը, ով Տարոն Մարգարյանի ընկերն է, պնդեց՝ ինքը պարզապես թույլ չէր տվել, որպեսզի նկարվեն ընտրողների ցուցակները։ Իրավապահները լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ գործին ընթացք չէին տվել։
«Անհիմն բողոք է եղել, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ունեմ իմ հայացքները և աջակցել եմ «այո»-ին»,- ասաց Մանուչարյանը:
2006-ից համատիրության ղեկավար Մանուչարյանի պնդմամբ՝ ինքը այլ գործունեություն չի ծավալում և ապրում է միայն համատիրության ղեկավարի 80 հազար դրամ աշխատավարձով։
«Ընդհանուր ժողովում որոշել ենք, որ իմ աշխատավարձը պետք է լինի 80 հազար դրամ: Հերիքելը այլ հարց է, բավարարվում ենք»,- ասաց Մանուչարյանը: