Փոստանջյանը քաղաքական պիես է գրում՝ «ստի քաղաքականությունը» դիմակազերծելու համար

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իշխանությունների դեմ պայքարի նոր տարբերակ է նախաձեռնել: Օրենսդրական գործունեությանը զուգահեռ այս պահին նա իր ընկերների հետ քաղաքական պիես է գրում, որտեղ, իր իսկ բնորոշմամբ, վեր է հանելու իշխանությունների «ստի և կեղծիքի քաղաքականությունը»:

Պիեսը վերաբերելու է ոչ միայն իշխող Հանրապետականին, այլև նախկին բոլոր իշխանություններին և Հայաստանի երեք նախագահներին:

«Ընդհանուր առմամբ` տոտալիտար և ավտորիտար ռեժիմներում գործում է սուտը, ստի քարոզչությունը և անընդհատ փորձ է կատարվում, որպեսզի մարդիկ չկարողանան մտածել, ընդհակառակը՝ մտածող մարդկանց վերացնեն, այլընտրանքները վերացնեն, և այս իշխանությունները այս 25 տարիների ընթացքում մշտապես այդպիսի վարքագիծ են դրսևորել»,- ասաց պատգամավորը:

«Պիեսի հերոսները բոլորը պետք է լինեն, բոլորը, ովքեր ստել են տարիներ շարունակ: Ես կարծում եմ՝ հերոսները պետք է լինեն առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այն բոլոր դերակատարները, որոնք բերեցին այսպիսի իրավիճակի, այսինքն այնպիսի քաղաքական համակարգ են ձևավորել, որը դարձրել է հայ ժողովրդին արտագաղթող, ունեզրկված և իրավազրկված»,- հավելեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը նշում է, որ պիեսը գրվում է անգլիացի գրող Ջորջ Օրուելի հայտնի «1984» հանրահայտ վեպի մոտիվներով, որտեղ բացահայտ ներկայացվում է քաղաքականության ողջ սուտն ու կեղծիքը: Եվ ինչպես վեպում, պիեսում նույնպես հանրությանը հայտնի կարգախոսներ են լինելու՝ «Հավատանք, որ փոխվենք», «Ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք» և այլն:

Ընդդիմադիր պատգամավորը դեռևս չի բացում փակագծերը, թե ինչպես է կոչվելու քաղաքական պիեսը, բայց մի բան հաստատ է՝ ամեն ինչ անելու է, որ այն բեմադրվի թատրոններից որևէ մեկում, որպեսզի հանրությունը մեկ ներկայացման միջոցով՝ համակարգված ծանոթանա իշխանությունների 25 տարվա ստին ու կեղծիքին:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է այսպիսի միջոցառումների տեսքով հանդես գանք, որպեսզի հանրությանը ճիշտ պատկերը մատուցենք՝ ինչ է եղել, թեպետ հանրությունը գիտի, իրազեկ է, բայց, այնուամենայնիվ, համակարգված ներկայացում նա դեռ չի տեսել այս 25 տարիների ընթացքում»,- ասաց Փոստանջյանը:

Հարցին, թե արդյոք կկարողանա՞ գտնել այն դերասաններին, ովքեր պատրաստ կլինեն մարմնավորել Հայաստանի գործող նախագահին և մյուս գործիչներին, ընդդիմադիր պատգամավորը դրական պատասխան տվեց․- «Ես կարծում եմ, այո, կգտնվեն, եթե պրոֆեսիոնալ դերասանները չցանկանան այդ դերերը կատարել, ապա մեր հանրությունը պատրաստ է լինել այդ դերակատարը, այսինքն իր միջից առաջադրել, և այդպիսի տաղանդավոր մարդիկ կլինեն, ովքեր կներկայացնեն այս 25 տարիների մեր պատմությունը՝ այդպիսի դերերով: Ես կարծում եմ, որ մենք սա կանենք արագ՝ մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է լինի, որպեսզի կարողանանք բեմադրել և ներկայացումը հասանելի լինի հայ ժողովրդին»: