Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողների սպանության մեջ

Նադեժդա Սավչենկոյի գործով դատ, 21-ը մարտի, 2016թ.

Սավչենկոյի բանտային պատժաչափը կհրապարակվի մարտի 22-ին:

Ռուսական դատարանն այսօր ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ: Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանը ապօրինի հատելու մեջ:

Դոնեցկի դատարանի դատավորը վճիռը ընթերցելիս հայտարարել է, որ Սավչենկոն ուղղորդվել էր «քաղաքական ատելությամբ»: Ուկրաինացի օդաչուն հերքում է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքը:

Այս պահին էլ դեռ շարունակվում է դատավճռի ընթերցումը: Սավչենկոյի բանտային պատժաչափը կհրապարակվի մարտի 22-ին: Դատարանի շենքի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Մեղադրող կողմը Նադեժդա Սավչենկոյի համար պահանջել էր 23 տարվա ազատազրկում։

Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոն 2014 թվականի հուլիսից գտնվում է Ռուսաստանում, նրան մեղադրում են ռուսաստանցի լրագրողների սպանությանը մասնակցելու համար։

Արևմուտքն, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ թողնել ուկրաինացի պատգամավորին, իսկ այս շաբաթ Մոսկվա ժամանող Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մտադիր է Սավչենկոյի հարցը քննարկել իր Ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

Ավելի վաղ Ուկրինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրամիության ղեկավարներին է փոխանցել Սավչենկոյի «պատժամիջոցների ցուցակը»։

Ենթադրվում էր, որ այդ ցուցակում պետք է լիներ նաև Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինի անունը, սակայն վերջնական տարբերակում Պուտինի ազգանունը ցուցակում չկա, փոխարենը կա Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի անունը։