«Հավանականությունը մեծ է, որ ծիրանի բերքը խեղճացած լինի». գյուղապետ

Ծաղկած ծիրանենի

Արմավիրի մարզի Այգևան գյուղի գյուղապետ Սպարտակ Էքիզյանի համոզմամբ, երեկ տեղումների և ցրտահարության հետևանքով գյուղացիները տուժել են։

Էքիզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վնասի չափը կկարողանան գնահատել մի քանի օրից։ «Ամսի 25-ին նոր կերևա՝ վնասը ինչ քանակով է. կարող է 40-ից 50 տոկոս վնաս լինի, 10 տոկոս, 15 տոկոս։ Ծիրանի վրա բողբոջը բռնի, դա բավական է էդ ծառին», - ասաց Էքիզյանը։

Գյուղապետը վստահ է՝ վնաս կա, ուժեղ քամի է եղել։ «Էսօր էլ կերևա՝ արևը տվեց, եթե ծաղիկը բացեցիր, սևացած եղավ, ուրեմն ցուրտը տվել է։ Հավանականությունը մեծ է, որ ծիրանի բերքը լավ խեղճացած կլինի, թե ինչ քանակի, չեմ կարող ասել», - ասաց գյուղապետը։

Գյուղատնտեսության նախարարությունից վնասների մասին խոստացան տեղեկացնել առաջիկա ժամերին։