2012 թվականից սկսած Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կանոնավորապես հանդիպում են: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 16-ին Պրահայում:
Դեռ մինչև հանդիպումը, վրացական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում, Գրիգորի Կարասինն ասել է՝ Վրաստանի նախագահի, պաշտոնյաների, կառավարության որոշ անդամների «հակառուսական սադրիչ հռետորաբանությունը», որն աճում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սպառնում է երկխոսության ջանքերին:
Նա նաև ասել է, թե փորձում են չպատասխանել բոլոր խայթոցներին, բայց հետևություններ անում են: «Հիմա ջրբաժանի պահն է: Կա'մ մենք վերադառնում ենք հակամարտության շրջանին, կա'մ փորձում աստիճանաբար ստեղծել նորմալ, հարգալից հարաբերություններ»,- ասել է Կարասինը:
Երբ լրագրողները հարցրել են՝ ի՞նչ կապ կա Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների և հակառուսական հռետորաբանության միջև, Կարասինը պատասխանել է, թե Վրաստանի բոլոր քաղաքական գործիչները ցանկանում են խստացնել իրենց դիրքորշումը, ցույց տալ, որ իրենք ամենահայրենասերն են, ամենախիստը, ամենաանհաշտ մարտիկները՝ ռուսական զավթողականության և սպառնալիքների դեմ:
«Պաշտպանության նախարարը նույնիսկ հասել է այն աստիճանին, որ ասում է, թե քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի ռուսական սպառնալիքների դեմ: Պարկեշտ հասարակությունում այդպիսի հայտարարությունները սովորաբար չեն ներվում»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, հավելով՝ «առայժմ ձեռնպահ ենք մնում, բայց մեր համբերությունն անսահման չէ»:
Թբիլիսին իսկույն արձագանքել է Կարասինի խոսքերին: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լրագրողներին ասել է, թե ռուս քաղաքական գործիչները Վրաստանում առկա տրամադրությունների մասին խոսելուց առաջ նախ պետք է ուշադրություն դարձնեն իրենց մոտեցումների վրա: Նա նշել է, որ հարաբերությունների նորմալացման գործընթացը հնարավոր է միայն Վրաստանի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու դեպքում՝ ընդգծելով՝ «այդ հարցում որևէ զիջում բացառվում է»:
Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն էլ ասել է, թե Թբիլիսին ջանք չի խնայում՝ խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու համար: «Սակայն այդ մոտեցումը բոլորովին չի նշանակում որևէ կերպ հարմարվել օկուպացիային, չի նշանակում հրաժարվել ազգային շահերից»,- նշել է նա, հայտարարելով, թե «ջրբաժանը հանդիսանում է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը»: «Տարածքային ամբողջականությունը անկյունաքար և սկզբնակետ է հանդիսանում ցանկացած երկրի հետ հարաբերություններում: Վրաստանը Ռուսաստանին կոչ է անում պահպանել այդ սկզբունքը»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը: