Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են գազի գնի շուրջ բանակցությունները․ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ապրիլի 7-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Գազի գնի շուրջ այս պահին ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների, 2017-ից հետո իր անելիքների, Վարդան Օսկանյանի կուսակցության ու դաշնակցական նոր նախարարների աշխատասիրության մասին է լրագրողների հետ խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո խոսել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Գազի գնի հետ կապված որոշում չկա, բայց քննարկում կա, հանրապետության նախագահը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել են, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»,- հայտարարեց Աբրահամյանը:

Անդրադառնալով Եվրասիական միության տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլով իրականացնելու առաջարկին՝ վարչապետն ասաց՝ այս հարցում դեռ առաջընթաց չկա:

«Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- ասաց Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարն ասաց՝ դեռ վաղ է դաշնակցական նորանշանակ նախարարների աշխատանքը գնահատելու համար․- «Կաշխատենք, կտեսնենք»:

Խոսելով 2017 թվականից հետո իր անելիքների մասին՝ Աբրահամյանն ասաց․- «Հիմա պիտի ապրենք մինչև 17 թվականը, հետո կտեսնենք: Մեր տանը՝ անպայման [կլինեմ], մնացած հարթակներում՝ կորոշենք միասին»:

Վարչապետն անդրադարձավ նաև կուսակցություն ստեղծելու մասին Վարդան Օսկանյանի հայտարարությանը, ասաց՝ ողջունում է նախկին արտգործնախարարի որոշումը:

Նա նաև ընդգծեց, որ ոչինչ չգիտի Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին: «Ես պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին ոչինչ չգիտեմ, և դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ուղղակի մենք ուրախ ենք, որ քաղաքական դաշտում ևս մեկ կուսակցություն կա, և համոզված եմ, որ բազմակուսակցական այս քննարկումները, ընտրություններին շատ թվով կուսակցությունների մասնակցությունը լավ կլինի մեր ժողովրդի համար»,- ասաց Աբրահամյանը: