Հայհոյախառն վեճ ԱԺ-ում․ Փաշինյանի հարցը դուր չէր եկել Առաքել Մովսիսյանին

Առաքել Մովսիսյանը (աջ) Ազգային ժողովում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայհոյախառն վեճի բռնվեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու հանրապետականներ Առաքել Մովսիսյանն ու Կարեն Ավագյանը։

Փաշինյանը հարց հնչեցրեց արագաչափերի մասին՝ մեջբերելով անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

«Սերժ Սարգսյանը իր նստավայրում մի հերթական խորհրդավոր խորհրդակցությունը հրավիրեց, որտեղ հայտարարեց, թե արագաչափերի գրանցումները մոտ 70 տոկոսով կրճատվեցին, հետո նաև զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Ես ուզում եմ հասկանալ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 70 տոկոսով թվերը նվազել են, հիմա ձեր ոչ մի տված թվի մեջ 70 տոկոսով նվազում հնարավոր չէ գտնել: Ես ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ, որովհետև, օրինակ, Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, վեց ամիս հետո ասում եք՝ ըտենց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարություն է անում, մի քանի ամիս հետո պարզվում է՝ ըտենց չէ: Որտեղի՞ց են էդ թվերը հայտնվում»,- հարցրեց Փաշինյանը:

Մինչ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կփորձեր պատասխանել, դահլիճից արձագանքեցին Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը: Մովսիսյանը «համբալ», «դիշովկա» անվանեց Փաշինյանին, վերջինս էլ նույն բառերով պատասխանեց հանրապետական պատգամավորին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Xopan.am կայքից ստացվող տեքստային հաղորդագրություններին, որոնք գործատուներին ու աշխատանք փնտրողներին հրավիրում են կայք՝ անվճար հայտարարություններ տեղադրելու։ Պատգամավորը պետական մարմիններին, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց զբաղվել խնդրով՝ հասկանալու, թե ի՞նչ կազմակերպություն է և ի՞նչ ծառայություններ է առաջարկում Ռուսաստանում։

«Եթե շատ պարզ փորձենք ձևակերպել, դա ընդամենը արտագաղթի պաշտոնական կոչ է ՀՀ քաղաքացիներին, որ, օրինակ, Պսկովում կա այսքան աշխատավարձով մենեջերի աշխատանք»,- ասաց Զոհրաբյանը:

«Ցանկացած անձ, որևէ տիրույթում, լինի դա էլեկտրոնային կայք, թերթ, թե այլ հայտարարության ձևաչափ, իրավասու է նման տեղեկատվություն տեղադրել: Բայց ես իմ լիազորությունների շրջանակում մտադիր եմ նախաձեռնել ուսումնասիրություն, խոսքը վերաբերում է հետևյալին. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում մենք ունենք, որ նման հաղորդագրությունները հեռախոսահամարներին ուղարկելը իրավաչափ չէ»,- արձագանքեց արդարադատության նախարարը: