Հրազդանի ընտրական հանձնաժողովներում անդամների նշանակումը՝ տարաձայնությունների առիթ

ՀԱԿ-ը սկզբունքորեն անընդունելի է համարում այն, որ Փաշինյանը խոսում է խմբակցության մյուս անդամների անունից

Հաջորդ ամիս Հրազդանում կայանալիք ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցությանը՝ առաջարկելով Հրազդանի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում խմբակցությանը պատկանող տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

Հրազդանյան ընտրություններին, 14 տարի քաղաքը ղեկավարած հանրապետական Արամ Դանիելյանից բացի, առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանի կուսակիցը:

Այդ ընտրությունների 28 տեղամասային հանձնաժողովներում, ըստ օրենքի, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն պետք է մեկական ներկայացուցիչ ունենա:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանն ասաց․ - «Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է նշանակում կատարի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը: Այդ տեղերը պատկանում են ոչ թե Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, այլ պատկանում են Հայ ազգային կոնգես խմբակցությանը: Դրանք բոլորովին տարբեր բաներ են»:

Խմբակցության անդամներից չորսը կողմ է արտահայտվել, որպեսզի այդ տեղերում նշանակվեն Սասուն Միքայելյանի ներկայացրած անձինք ...
Նիկոլ Փաշինյան

Պատգամավորը ընդգծեց՝ Սասուն Միքայելյանը մեծ ավանդ ունի Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի, խորհրդարանական խմբակցության ձևավորման գործում, որովհետև նա հանրությանը հայտնի դեմքերից է և Հրազդանում զգալի ձայներ է ապահովել ՀԱԿ-ի համար: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, դեռ մարտի 14-ին է դիմել Լևոն Զուրաբյանին՝ նշված առաջարկով:

«Այս փաստը հաշվի առնելով՝ ես քննարկումներ եմ ունեցել խմբակցության դե յուրե անդամ հանդիսացող պատգամավորների հետ: Ինչո՞ւ եմ ասում դե յուրե՝ որովհետև քաղաքական պրոբլեմների մասին դուք բոլորդ գիտեք: Եվ նրանցից չորսը, այսինքն՝ մեծամասնությունը, կողմ է արտահայտվել, որպեսզի այդ տեղերում նշանակվեն Սասուն Միքայելյանի ներկայացրած անձինք», - նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ կողմ արտահայտված պատգամավորներն են՝ Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը և ինքը՝ Փաշինյանը:

«ՀԱԿ-ը Հրազդանում ունի անհրաժեշտ ռեսուրսներ»

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության մամլո պատասխանատու Արմեն Խաչատրյանը այսօր «Ազատության» հարցմանն ի պատասխան նշեց․ - «Խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում մատնանշված հարցը չի բարձրացրել: Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է»:

Միաժամանակ ՀԱԿ-ը հավաստիացնում է, որ Հրազդանում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ՝ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր «բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը»:

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց` քանի որ կողմ է արտահայտվել Փաշինյանի առաջարկությանը, ուստի խմբակցության նիստում ևս կողմ կքվեարկի:

Հրանտ Բագրատյանը չցանկացավ խոսել այս հարցի առնչությամբ: Ստեփան Դեմիրճյանի հետ կապվել չհաջողվեց: