Human Rights Watch-ը դատապարտում է ԵՄ-Թուրքիա համաձայնությունը միգրանտների հարցով

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիության ղեկավարությանը միգրանտների հարցերով հղած նամակում անընդունելի է համարում մարտի 7-ին ԵՄ և Թուրքիայի համաձայնության պայմանները:

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Քենեթ Ռոթը Եվրամիությանը կոչ է անում մարտի 17-18-ը նախատեսված գագաթաժողովում չհաստատել դրանք:

«Մեր կարծիքով, այդ նոր հարցերը իրենցից ներկայացնում են հակասություն՝ փախստականների, ապաստան փնտրողների և միգրանտների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը»,- նշել է իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մասնավորապես, «վտանգավոր» է համարում մարտի 7-ին Բրյուսելում հավանության արժանացած սկզբունքները, որոնք ենթադրում են միգրանտների արագ վերադարձը Թուրքիա: Իրավապաշտպան կազմակերպությունն անընդունելի է համարում նաև Թուրքիան սիրիական պատերազմի ենթատեքստում «ապահով տարածք» դիտարկելը:

Մարտի 7-ին քննարկված այս հարցերն, ըստ Քենեթ Ռոթի, «իրավական, քաղաքական և բարոյական առումով սխալ են, և եթե կատարվեն, կնշանակի հրաժարվել միջազգային օրենսդրությունից և բոլոր արժեքներից, որոնց վրա հիմնադրվել է Եվրոպական միությունը»:

Նամակի հեղինակը քննարկման առարկա է դարձնում նաև միջազգային աջակցություն ունեցող ապօրինի միգրանտներին Թուրքիա արագ վերադարձնելու հարցը: Ըստ Human Rights Watch-ի գործադիր տնօրենի՝ նման մոտեցումն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Քենեթ Ռոթը նշում է. - «Սիրիացի յուրաքանչյուր փախստական անհատ է, ոչ թե փոխանակելի համարակալված անձ, որին պետք է փոխանակել սիրիացի մեկ այլ փախստականի հետ»:

Human Rights Watch-ը նաև խորը մտահոգություն է հայտնում Թուրքիայի հետ հարցեր որոշելու՝ Եվրոպական միության նախընտրության կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի նախագահի՝ ժողովրդավարական արժեքների ոտնահարման հանգամանքին:

Մարտի 7-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներն արժանացել էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի քննադատությանը: ՄԱԿ-ը հիշեցրել էր, որ արտասահմանցիների կոլեկտիվ արտաքսումը արգելված է միջազգային օրենքով:

Ավելի վաղ կոշտ դիրքորոշմամբ էր հանդես եկել մեկ այլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն՝ Amnesty International-ը, ըստ որի՝ կողմերը իջել են անազնվության, մանր առևտրի ամենացածր մակարդակի, որը որևէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների և արժանապատվության հետ: