«Ռուսաստանն այսօր պատրաստ է փոխզիջման թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի հետ»․ փորձագետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ աշխատանքային հանդիպմանը, 14 մարտի, 2016թ․

Երկուշաբթի երեկոյան Վլադիմիր Պուտինը հանկարծակի հայտարարեց, որ մարտի 15-ից Ռուսաստանը դուրս է հանում իր զորքերի հիմնական մասը Սիրիայից:

Այս հայտարարությանը նախորդել էր Պուտինի հեռախոսազրույցը Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հետ, որի ժամանակ էլ նախագահները համաձայնեցրել են զորքերի դուրսբերման ժամկետը:

Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները․- «Ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը կնպաստի փոխվստահության հաստատմանը խաղաղ բանակցային գործընթացում»,- ասել է նա:

Իր որոշման մասին Պուտինը հեռախոսով անձամբ հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սեպտեմբերից, երբ սկսվել է ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում, Ռուսաստանը ոչնչացրել է շուրջ 2000 գրոհայինների՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների քաղաքացիների, այդ թվում 17 դաշտային հրամանատարների: Այս խնդիրը, Շոյգուի փոխանցմամբ, առաջնային էր Ռուսաստանի համար:

Փորձագետների կարծիքով՝ այսօր Սիրիայում է գտնվում շուրջ 60 ռազմական օդանավ, և Ռուսաստանը մտադիր է դուրս հանել առնվազն կեսը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարում է նաև, որ անհրաժեշտության դեպքում հարվածները «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությամբ կշարունակվեն: Սիրիայում մնում են Ռուսաստանի երկու ռազմական բազաները:

Ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը Սիրիայից զորքերը դուրս չի հանում, խոսքը զորքերի քանակի կրճատման մասին է: «Օրինակ, մնում է հակաօդային պաշտպանության համակարգը»,- նկատեց նա:

Վլադիմիր Եվսեև

Ռմբակոծություններն էլ, Եվսեևի փոխանցմամբ, շարունակվելու են և ուղղված են լինելու հիմնականում «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

Անկախ փորձագետները այսօր գրում են, որ Արևմուտքը պարզապես ստիպել է Պուտինին նման որոշում կայացնել: Եվսեևը այս պնդմանը համաձայն չէ, սակայն ասում է՝ ռուսական զորքերի էական կրճատումը Սիրիայում նշանակում է, որ Թուրքիան էլ պետք է գնա որոշ քայլերի և նախկինի պես չի միջամտի Սիրիայի ներքին գործերին:

Սրա հետ մեկտեղ, Եվսեևը նաև հավելում է, որ զորքերի կրճատումը ազդանշան է, որ Ռուսաստանն այսօր պատրաստ է փոխզիջման թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի հետ: Ըստ փորձագետի՝ այլ հարց է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Դավութօղլուի հետ Պուտինի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ հնարավոր չէ խոսել առաջիկայում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման մասին:

«Սակայն Մոսկվան չի ուզում է՛լ ավելի սրել հարաբերությունները ոչ Թուրքիայի, ոչ էլ Արևմուտքի հետ»,- ասաց փորձագետը:

Ռուսական զորքերը Սիրիայից հանելու մասին Պուտինի հայտարարությունը դարձել է ռուսական ինտերնետի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հիմնական հարցադրումն է՝ հետո ի՞նչ է լինելու:

«Նովայա գազետա»-ն այս կապակցությամբ գրում է․- «Ամենամեծ մտահոգությունը առաջացնում է այն հարցը, թե ինչ է լինելու հիմա, այսօրվանից Ռուսաստանը դառնում է պարզապես երկիր, ոչ թե միջազգային սպորտի մայրաքաղաք, ոչ թե ռուսական աշխարհի պաշտպան, ոչ թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարող համար մեկ երկիր, այլ պարզապես երկիր»: «Պատրա՞ստ ենք մենք արդյոք այսօր այս նոր արտակարգ իրավիճակին, թե՞ շոուն պետք է շարունակվի»,- գրում է թերթը․- «Այս դեպքում մեր հասարակությանը ընտրություններից կես տարի առաջ սպասում է նոր մրցույթ՝ փնտրել նոր արտաքին կամ ներքին թշնամի, ինչը վտանգավոր է նաև մեր մոտիկ և հեռավոր հարևանների համար»: