Քրեական գործ՝ զինվորի մահվան փաստով

Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով, երեկ ժամը 16։00-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, «կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը»։

«Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ կատարվել են դեպքի վայրի, Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում խորին ցավակցություն է հայտնում Կամո Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։