Ուսանողը պնդում է՝ ԵՊՀ-ից հեռացվել է բուհի արատավոր երևույթների մասին խոսելու համար

Հովհաննես Եսայան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Հայ բանասիրության ֆակուլտետի արդեն նախկին ուսանող Հովհաննես Եսայանը պնդում է՝ չորս տարի սովորելուց հետո՝ վերջին կուրսում հեռացվել է բուհից՝ համալսարանի արատավոր երևույթների մասին բարձրաձայնելու համար։

«Երբ որ ես նստեմ, դիպլոմային գրեմ, երբ որ ես պատրաստվեմ պետական քննություններին, վարձս մուծեմ առաջին կիսամյակի, ի՞նչն է պատճառը։ Կարիք կա գումար շորթելո՞ւ, թե՞ կարիք կա քինախնդրության կամ վենդետտայի։ Կարծում եմ, որ սա ընդամենը այսբերգի վերևի հատվածն է, որ իրականում խնդիրը ավելի խորն է»,- այսօր ասաց ուսանողը։

Ի պաշտպանություն Հովհաննեսի՝ նրա համակուրսեցիներն ու ֆակուլտետի ավելի ցածր կուրսի ուսանողները ստորագրահավաք են սկսել և սպառնում են դիմել բողոքի կոշտ միջոցների՝ դասադուլ, անձամբ դեկանին ուղղված բողոք և այլն։

Վճարովի համակարգում սովորած Հովհաննես Եսայանին երկու օր առաջ են դեկանատից տեղեկացրել, թե չի կարող ուսումը շարունակել՝ երկու տարի առաջ ֆիզկուլտուրայից ունեցած լուծարքի պատճառով, մինչդեռ երիտասարդը պնդում է՝ բուհի ղեկավարությունը սրանով վրեժ է լուծում։

Հովհաննեսն ու բանասեր ընկերներն անցած աշնանը երիտասարդական կայքէջ են բացել, հոդվածներ են հրապարակում համալսարանական կյանքի, թերությունների մասին, քննադատում դասախոսներին, ընդգծում, որ բուհում սերնդափոխության անհրաժեշտություն կա, ու որ ուսանողական խորհուրդները խիստ հանրապետականացված են։

«Հոդվածներ ունենք վերնագրված՝ «Դասախոսնե՞ր են, թե՞ դասախոզեր», «Մեզ կրթո՞ւմ են, թե՞ կթում են»։ Դասախոսներ ունենք, ովքեր 80 տարեկան են, ովքեր շատ շուտվանից կորցրել են ժամանակի զգացողությունը, չգիտեն, որ 2016 թվականն է, հարցերը չեն լսում, դեռ չեմ խոսում համակարգչից օգտվելու մասին»,- ասաց երիտասարդը։

«Այն, ինչ գրված է գրքերում, դրանք պետք է կաղապարված ձևով անցնենք, հանկարծ եթե քո կարծիքը գրում ես ինչ-որ նյութի վերաբերյալ, հիմնականում չի խրախուսվում»,- հավելեց մեկ այլ ուսանող։

Մինչդեռ համալսարանում հերքում են։ Ֆակուլտետի դեկանը հրաժարվեց խոսել արդեն նախկին ուսանողի մասին, իսկ ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը պնդում է՝ դեռ երկրորդ կուրսում պարտք մնացած ստուգարքը հանձնելու վերջին հնարավորությունը 4-րդ կուրսի առաջին կիսամյակում էր։ Հովհաննեսի հետ ևս 3 ուսանող է ֆիզկուլտուրայից չհանձնած ստուգարքի համար հեռացվել։

«Հեռացվել է կարգի համաձայն, ոչ մի տարօրինակ բան չկա, ամեն տարի նման դեպքեր լինում են։ Ես ուղղակի զարմացա, որ դա ներկայացվեց որպես քաղաքական կամ ազատ խոսքի մունետիկի հանդեպ հալածանք և այլն։ Ակնհայտ է, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Գրիգորյանը։

Բանասիրական ֆակուլտետի ուսանողները պնդում են՝ ոչ ոք հաճույքով չէր մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին՝ անհարմար մարզադահլիճում։ Դասաժամերը խնդիր են եղել բոլորի համար։

«Ինչ-որ հնացած, կիսաքանդ շենքում, տհաճ հոտով, հիգիենայի նորմալ պայմաններ չկան, մեզ ստիպում են ֆիզկուլտուրա անել»։

«Ինձ թվում է՝ ցանկացած ուսանող կարող է պնդել, որ ֆիզկուլտուրայի քննությունը մանավանդ տղաների մեծամասնությունը ստանում են կաշառքով։ Իմ խնդիրը դա է եղել, ես չեմ կարողացել ֆիզկուլտուրայի դասախոսին կաշառք տալ, ես չեմ կարողանում կաշառք տալ։ Հենց խնդիրը դրանից է սկսել, որ լուծարք եմ մնացել ու էսօր փաստի առաջ եմ կանգնել»,- ասաց Հովհաննեսը։

Ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոսները, ովքեր այստեղ դասավանդում են դեռ 1965 թվականից, հերքեցին ուսանողների այս պնդումները։

«Դե բավական է, էլի»,- զայրացան նրանք։

Հովհաննես Եսայանին բուհից հեռացնելու մասին արդեն կա ռեկտորի հրամանը։ Կուրսեցուն պաշտպանելու համար բողոքի դուրս եկած ուսանողները մտավախություն ունեն, թե իրենք էլ կարող են արժանանալ նրա ճակատագրին։

Իր ընկերներին հրաժեշտ տալով՝ Հովհաննեսը նշեց, թե պատրաստվում է գրական նոր գործեր սկսել, անել այն, ինչ մինչ այսօր ժամանակ չի ունեցել անելու։ Եվ մի ուղերձ հղեց հայ բանասիրության ֆակուլտետի դեկանին.- «Պարոն Ավագյան, եթե Դուք Հանրապետական կուսակցության սիրահարներից եք, ես չեմ սիրում էդ կուսակցությանը։ Որ չեմ սիրում, ուրեմն ստիպված պետք է համալսարանից դո՞ւրս մնամ»։