Սիրիայի հարցով հանդիպում՝ Փարիզում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջուբար արվարձանի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող հատվածը, 9-ը մարտի, 2016թ.

Երկուշաբթի Ժնևում նախատեսված Սիրիայի հարցով բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Փարիզում բանակցություններ են անցկացնում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզում հայտարարել է. - «Մեր ուղերձն այն է, որ պետք է լինենք միասնական»:

Reuters-ը փոխանցում է Ջոն Քերրիի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ «վերջին 3 շաբաթներին «Իսլամական պետություն»-ը կորցրել է Սիրիայում իր վերահսկողության տակ եղած 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 600 գրոհայինի»:

«Մենք հաստատապես աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին երկուշաբթի Ժնևում նախատեսվող բանակցությունների առնչությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

ՄԱԿ-ը հորդորել է Սիրիային 18 ամսում անցկացնել նախագահի ընտրություններ: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ նոր կառավարության կազմում չի կարող ընդգրկվել ներկայիս նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է՝ ոչ մի հարց նախագահի ընտրությունների կապակցությամբ:

Ջոն Քերրիի խոսքով, «Սիրիայի կառավարության մեկնաբանությունները խաղաղ բանակցությունների վերաբերյալ փորձում են խանգարել գործընթացին»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները խաղաղ բանակցությունների վերաբերյալ «սադրանք են, չեն համապատասխանում հրադադարի ոգուն»:

«Սիրիայի հարցով բանակցությունները կլինեն դժվար, հրադադարը, մարդասիրական օգնությունը պետք է շարունակվի՝ անկախ բանակցություններից», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն:

Ըստ Ջոն Քերրիի, Ռուսաստանը, Իրանը պետք է մտահոգված լինեն, որ Սիրիայի կառավարությունը դուրս է մնում բանակցություններից, որի կապակցությամբ նախապես համաձայնություն է տվել: