Հայաստանում վերջին տասնամյակում բարելավվել է գրահրատարակչական արտադրանքի որակը: Այստեղ հրատարակված գրքերից շատերը գրքի միջազգային ցուցահանդեսներում ու տոնավաճառներում հաճախ մրցանակների են արժանանում:
Այսօր Հայաստանում գրքերը շարունակում են լույս տեսնել 500-1000 օրինակ տպաքանակով, որոնց գոնե կեսը հաճախ չի վաճառվում: «Ազատության» հետ զրույցում «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շեշտում էր, որ դա զարմանալի չէ, որովհետև Հայաստանում «գրքի դեսպաններ» թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ սպորտային էլիտայի շրջանակներում չկան:
Մարտիրոսյանի խոսքով, օրինակ, Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ամենամեծ «գրքի ընկերներից» մեկն է․ - «Կարող եմ անուններ տալ երաժիշտներից․․․ Էդ լավագույնները ամեն բնագավառի նրանք գրքի կողքին են կանգնած: Նոյերը բոլոր ապրանքները գովազդելու համար չգիտեմ քանի միլիոն է ստանում, բայց գրքի բոլոր միջոցառումները նա անվճար է անում: Նոյերը մեծ բարեգործ է գրքի բնագավառում: Հայաստանում կայացած մարդկանց միջամտության խնդիր կա»:
«Հայաստանում, օրինակ, Գալուստ Սահակյանը կարդում է, ու շատ լավ է, որ կարդում է: Գիտեմ՝ ինչ հետաքրքիր գրքեր է կարդում: Բայց Հովիկ Աբրահամյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Սերժ Սարգսյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Այսինքն, իշխանության ներկայացուցիչները որքանո՞վ են ներգրավված այս պրոցեսում: Սա է խնդիրը», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Էսօր մեր հասարակությանը էդքան գիրք պետք չի: Այ ոնց որ աշխարհի հասարակությունը չգիտեր «Այփադ»-ը ինչ է, էդպես էլ էսօր մեր հասարակությունը չգիտի՝ գիրքն ինչ է, որովհետև 20-30 տարի գրքով չի ապրել: Չեմ ասում, որ սովետական տարիներին ապրել է: Ես կարծում եմ՝ դա մեծ բլեֆ է: Ճիշտ է, 50 հազար տպաքանակ վաճառվում էր, բայց չեմ կարծում, որ դա 40 հազար բնակարանների կահույք չէր դառնում»:
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ այն, ինչ այսօր գրահրատարակիչներն անում են, 20 տարի հետո անհրաժեշտ է լինելու: