Սյունիքի մարզի Հարժիս գյուղն «օրեցօր դատարկվում է»

Տեսարան Հարժիս գյուղից

Ձյան առաջին տեղումներից հետո ճանապարհներն այս գյուղում անանցանելի են դառնում: «Եթե գյուղում թաղում ա լինում, հարազատների մեծ մասն էդ պատճառով էստեղ չի մտնում»,- դժգոհում են գյուղացիները:

Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչների համար անձրևը կենսական նշանակություն ունի․ հողերն այստեղ անջրդի են, ոռոգման ջուր չկա։ Այս տարի էլ առատ բերք չեն ունեցել։

«Բանջարաբոստանային կուլտուրաներից կարան մի քանի լոբի ցանեն՝ իրենց ուտելու համար, մեկ էլ՝ կարտոֆիլ։ Այսինքն՝ վաճառելու, ավելցուկ առաջանալու՝ տենց ոչ մի բան չկա։ Երևի սոցիալիզմի վերջին տարիներին նասոսով ջուր կար, ներքևը մի 100 հա հողատարածք ոռոգման տակ էր։ Դե, երկիրը փլուզեցին, նասոսները քանդեցին, խողովակներն էլ քանդեցին, բայց ոռոգման ցանցն առայսօր կա, ձեռք տված չի»,- պատմում է գյուղացիներից մեկը։

Ապրուստի հիմնական միջոցն այստեղ անասնապահությունն է։ Գյուղում կաթի ընդունման կետ կա, սակայն, բնակիչները մթերման գներից դժգոհ են։ Շուկայական ցածր գնի համար կառավարությանն են մեղադրում։ «Գյուղացին մի կիլո կաթ ստեղծելու համար ինչ ծախսեր ա անում, ինչ ա անում, սա լեռնային շրջան ա, 8 ամիս մսուրային շրջան ա, անասունի մի տուկ խոտը 1000 դրամ ա, ասում ա՝ կաթի կիլոն 110 դրամ, ասում ա՝ ինքնարժեքն ամռանը զրո ա, ստեղ 2 ամիս ա ամառ, բա էն 8-9-10 ամիսը ի՞նչ ծախսեր ենք անում, բայց կաթին գին չունի, դե գյուղացի՝ արի ապրի»,- դժգոհում է հարժիսցիներից մեկն ու շարունակում՝

«Կաթը սարքեցին 170 դրամ, ժողովուրդը լրիվ վարկ վերցրեցին, կով առան, էդ արդեն ժողովրդի հոգսերը հոգում ա՝ էդ 170 դրամը։ Հաջորդ տարի բերեցին, սարքեցին 110 դրամ, լրիվ ժողովուրդը մնացին վարկի տակ, լրիվ սկսել են անասունները մորթելը: Նորից ծախում են ․․․ էդ վարկերից մեկա չեն պրծնելու։ Հարցը էն ա, որ պետությունը, կառավարությունը, մինիստրը ինքը, գյուղատնտեսությունից ոչ մի բան չի հասկանում»։

Խորհրդային տարիներից Սյունիքի մարզում գտնվող այս գյուղում պահածոների գործարան էր աշխատում, հիմա այն գրեթե անգործության է մատնված։ «Մենք էլ ենք անգործ»,- ասում են գյուղացիներն ու հավելում՝ դրա համար ամբողջ օրը թուղթ են խաղում։ «Գոմը պրծնում են, գալիս կարտ խաղում, գնում իրանց տուն։ Էդ ա, անգործությունից, բնականաբար, տենց պետք ա լինի, ոչ մեկս էլ չենք աշխատում»։

«Փողն ինչ բան ա, որ խաղ անեն, հավի վրա, ճխթթվի, թոթի արաղի վրա, բայց արաղ չունենք մենք․․․», «անգամ ճանապարհ չունենք, որ կարողանանք մեր ապրանքն ինքներս վաճառել»,- դժգոհում են գյուղի մշակույթի տանը հավաքված տղամարդիկ։

Հարժիս տանող ճանապարհը ձյան առաջին տեղումներից հետո ամիսներ շարունակ անանցանելի է դառնում։ «Եթե գյուղում թաղումներ ա լինում, հարազատության մեծ մասը էս ճանապարհների համար չի մտնում ստեղ։ Էս ճանապարհների հարցն ամենակարևոր հարցն ա, որ պտի լուծվի․․․»:

Հարժիսցիների խոսքով, գյուղն օրեցօր դատարկվում է։ Բնակիչները հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան։