Գասպարիի 3 փաստաբանները հեռացվեցին վարույթից

Վարդգես Գասպարիի ակցիան դատարանում, 9-ը մարտի, 2016թ.

Փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը դատարանի որոշումն «ապօրինի» են որակում:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր Վարդգես Գասպարիի և նրա պաշտպանների բացակայությամբ կայացած նիստում որոշեց վարույթից հեռացնել ակտիվիստի 3 փաստաբաններին ու գործում նոր պաշտպան ներգրավել։

«Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով, դատարանը որոշում է՝ նշանակել այլ պաշտպան։ Նշված պատճառաբանություններով, այսօրվա դատական նիստը հետաձգվում է»,- հայտարարեց դատավոր Նելլի Բաղդասարյանը։

Դատավորը, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ տարբեր պատճառաբանություններով պարբերաբար հետաձգում է նիստերը, այսօր պնդեց, թե փաստաբաններին հեռացնում է վարույթից, քանի որ նրանք բացակայում ու ձգձգում են նիստերը։ «Պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը և Լուսինե Հակոբյանը երեք անգամ անընդմեջ չեն ներկայացել դատական նիստերին, իսկ պաշտպան Տիգրան Եգորյանը առանց նիստը նախագահողի թույլտվության լքել էր նիստերի դահլիճը։ Ուստի՝ դատարանը գտնում է, որ նման վարքագծով թե՛ ամբաստանյալը, թե՛ նրա շահերի պաշտպաններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ դատական նիստերը ձգձգելու համար, ինչն անթույլատրելի է»,- հայտարարեց դատավորը։

Ակտիվիստի փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը դատարանի որոշումն ապօրինի են որակում։ Հարցի առնչությամբ, Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ «Ընդհանրապես անհասկանալի և անտրամաբանական որոշում կարող եմ դիտարկել սա։ Մենք պետք է հորդորենք երևի նիստը նախագահող դատավորին, որ ինքը նորից ուշադիր ընթերցի Քրեական դատավարության օրենսգիրքը»։

Գյուրջյանի պնդմամբ, օրենքը դատարանին բացակայությունների հիմքով պաշտպանին հեռացնելու լիազորություն չի տալիս։ «Օրենսդրությունը նախատեսում է երեք հիմք, իսկ այս դեպքում այդ հիմքերը բացակայում են։ Իսկ այն պատճառաբանությունները, որ ես և Լուսինեն երեք անգամ անընդմեջ բացակայել ենք նիստերից, չէր կարող մեկնաբանվել որպես հեռացման հիմք: Դա կարող էր մեկնաբանվել որպես հիմք, որպեսզի դատարանն առաջարկի Գասպարիին՝ նոր պաշտպան ընտրելու»,- շարունակեց փաստաբանը։

Թեև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարին նախորդ նիստին գետնին պառկելու համար ուժի կիրառմամբ հեռացվել էր դահլիճից, դատավորն այսօր հայտարարեց, որ նա կարող է մասնակցել դատավարությանը, ինչի մասին ծանուցվել է։ Գասպարին, սակայն, չի բացառում, որ ընդհանրապես կարող է բոյկոտել նիստերը։

«Պարզ մաթեմատիկա է՝ մեկ, երկու, երեք։ Իսկ երբ դատավորը թվարկել էր, որ Դավիթ Գյուրջյանը և Լուսինե Հակոբյանը երեք անգամ բացակայել են, ճիշտ չէ: Նրանք ընդամենը երկու անգամ են բացակայել։ Այսինքն՝ այդ տարրական բանը շատ հնարավոր է, որ միտումնավոր է դատավորը շփոթել։ Այսինքն՝ իմ երեք պաշտպաններն էլ իմ համար շարունակում են մնալ իմ պաշտպանները, ես նրանցից չեմ հրաժարվում»,- ասաց Գասպարին։