Լեռնային Ղարաբաղը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմը կորուստներ է տվել։
Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարում է՝ ադրբեջանական կողմը ինքն է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել, որի հետևանքով առնվազն երկու զոհ և վիրավորներ ունի։
Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այստեղ արտառոց ոչինչ չկա․ - «Սա Ադրբեջանի նույն ապակառուցողական քաղաքականության հետևանք է: Ուղղակի կրակում են մեր տարածքի վրա՝ այս է իրավիճակը»:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:
«Հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ խուճապի մատնվել պետք չէ․ - «Նրանք արդեն վաղուց օգտագործում են նաև ծանր տիպի զենքեր, հրթիռներ: Այս զինատեսակներից նույնպես կրակել են որոշ տարածքների վրա, որոնց վրա չեն կրակել արդեն երկար տարիներ, բայց ո՛չ բնակավայրի մոտ է, ո՛չ մարդ է տուժել, ո՛չ վիրավոր ունենք, ո՛չ ավերածություն»:
«Ադրբեջանական ֆանտազիաներ»
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի տարածած լուրերը երևակայության բարձրակետ է որակում։
«Ապշելու է, որ ադրբեջանական կողմի ֆանտազիաները մինչև հիմա սահմանափակվում էին երեք-չորս զոհերով և հիմա արդեն 10-15 զոհեր էլ չեն խորշում հորինել՝ դրանով ավելի ու ավելի մեծացնելով իրենց ստերն ու իրենց փոսի մեջ գցելով», - ասում է Հովհաննիսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը շփման գծում իրավիճակի լարումը կապում է Սարգսյան-Պուտին հանդիպման հետ․ - «Դեռ մի քանի օր առաջ էինք հայտնել, որ ադրբեջանական կողմը նման բարձրաստիճան հանդիպումներից առաջ և ընթացքում մշտապես լարում է իրավիճակը և շարունակում է, ըստ էության, լարել։ Պաշտպանության բանակի հայտնած տվյալներով, դուք տեսնում եք, որ դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել և, ընդհանուր առմամբ, կրակոցների քանակը, զինատեսակները նորից բարձրացել են»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ադրբեջանական կողմի ակտիվացումը ուղերձ է միջազգային հանրությանը։ Ըստ նրա, վերջին շրջանում Ադրբեջանը գերազանցում է հրադադարի խախտման «ստանդարտ» չափը: Ադրբեջանը հիասթափված է՝ բանակցային խաղաղ գործընթացը նրա ակնկալած արդյունքը չի տալիս, ասում է Կիրակոսյանը:
«Կոնկրետ այս դեպքը միայն Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարված այցի հետ չի կապված: Սա նաև ուղղված է մարտի վերջին Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովին՝ նվիրված միջուկային անվտանգության խնդիրներին, որին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահը: Եվ առհասարակ՝ այստեղ գործ ունենք միջազգային դիվանագիտական օրակարգի վրա ազդելու փորձի հետ: Ադրբեջանի հարձակումները բխում են ոչ թե ռազմական տրամաբանությունից, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ են կրում, այդ թվում՝ Ադրբեջանի ներսում քաղաքական միավորներ վաստակելու նպատակ ունեն: Իսկ սա նշանակում է, որ վերջին դիվերսիոն հարձակումները պետք է մտահոգեն ոչ միայն Մոսկվային և Վաշինգտոնին, այլ նաև միջազգային հանրությանը, քանի որ Ադրբեջանը արդեն վաղուց սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - նշում է փորձագետը: