Հայաստանի ԱԺ պատվիրակությունն այցելել է Սեուլ

Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Թևան Պողոսյանը:

Երեկ պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկկողմ հարաբերությունները Կորեայի հետ:

Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին` իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի սպառազինվելու փաստի առնչությամբ, նշելով, որ այն մարտահրավեր է` ուղղված տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը` հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա:

Նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, և որ Հայաստանի մոտեցումները համընկնում են միջազգային հանրության տեսակետներին ու առաջարկներին, մինչդեռ ադրբեջանական կողմն իր ապակառուցողական կեցվածքով խոչընդոտում է բանակցային գործընթացը` հակադրվելով միջազգային հանրությանը:

Հայկական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Կորեային՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար: Կորեայի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նկատել է, որ խաղաղությունը կարևոր պայման է տնտեսական զարգացման համար:

Չունգ Ուի Հվան ներկայացրել է իր երկրի մոտեցումները Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: