Կրեմլ․ ԼՂ հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, այլ ոչ թե միջազգային միջնորդները: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է միջազգային ձևաչափերում նման լուծմանը աջակցելու համար: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձևաչափերում, լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից, Ռուսաստանը շարունակում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ] հետևողական աշխատանքը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը և ընդգծել, որ «դրանք ոչ թե ինչ-որ մեկանգամյա ջանքեր են, այլ հետևողական գիծ»:

«Սակայն ինչ-որ վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության մասնակիցներից: Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն», - շեշտել է Կրեմլի խոսնակը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ երեկ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար: