ՊՆ խոսնակ. Լիովին ապատեղեկատվություն է հայկական զոհերի մասին տեղեկությունը

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանական կողմը նման բարձրաստիճան հանդիպումներից առաջ մշտապես լարում է իրավիճակը։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լիովին ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հայկական կողմի զոհերի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, թե շփման գծում Աղդամի ուղղությամբ «հայկական կողմի հերթական սադրանքները կանխարգելելու» արդյունքում ադրբեջանական կողմը շփման գծից մեծ խորությամբ «դիրքեր է ոչնչացրել», ինչի արդյունքում «հայկական կողմը կորցրել է զինտեխնիկա և 10-15 զինծառայող»։

«Այդ մասին Պաշտպանության բանակն արդեն հերքել է, և ապշելու է, որ ադրբեջանական կողմի ֆանտազիաները մինչև հիմա սահմանափակվում էին երեք-չորս զոհերով և հիմա արդեն 10-15 զոհեր էլ չեն խորշում հորինել՝ դրանով ավելի ու ավելի մեծացնելով իրենց ստերն ու իրենց փոսի մեջ գցելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով շփման գծում իրավիճակի լարմանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշեց. - «Դեռ մենք մի քանի օր առաջ էինք հայտնել, որ ադրբեջանական կողմը նման բարձրաստիճան հանդիպումներից առաջ [Սարգսյան-Պուտին հանդիպում] և ընթացքում մշտապես լարում է իրավիճակը և նա շարունակում է, ըստ էության, լարել։ Պաշտպանության բանակի հայտնած տվյալներով, դուք տեսնում եք, որ դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել և, ընդհանուր առմամբ, կրակոցների քանակը, զինատեսակները նորից բարձրացել են»։

Իսկ ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական դիրքեր են գրավել, Հովհաննիսյանը դա ընդհանրապես Ադրբեջանի «ֆանտազիայի բարձրակետը» որակեց․ - «Դա ընդհանրապես ֆանտազիայի բարձրակետն է»։

«Այս օրերին, ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը շարունակում է իրավիճակը լարել։ Հայկական կողմը, ինչպես միշտ, գործում է իր ծրագրերի համաձայն՝ կանխարգելիչ, պատասխանող գործողությունների տրամաբանությամբ», - հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը։