Ցուցակների հրապարակումն արգելող «ՍԴ վճիռ չկա»

Լևոն Զուրաբյանը՝ «Ազատության» տաղավարում, արխիվ

Լևոն Զուրաբյանը կեղծիք է համարում ընտրած քաղաքացիների ցուցակները չհրապարակելը Սահմանադրական դատարանի վճռով պայմանավորելու՝ իշխանության փորձը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կեղծիք է որակում իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն արգելվում է Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Հիշեցնենք, Շարմազանովը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե իշխանությունը չի հրապարակելու այդ ցուցակները, քանի որ չի ուզում խախտել դատարանի որոշումը: «Ինչ վերաբերում է ցուցակներին, Հայաստանում և որևէ երկրում որևէ իշխանություն իրավունք չունի խախտել Սահմանադրական դատարանի վճիռը: Կա Սահմանադրական դատարանի վճիռ, և մենք պարտավոր ենք այն իրականացնել: Նորմալ երկրում հնարավորություն կա՞՝ խախտել Սահմանադրական դատարանի որոշումը»,- նախօրեին «Ազատության» հետ զրույցում ասել էր Շարմազանովը: «Ազատության» ճշտող հարցին՝ այդ որոշմամբ արգելվո՞ւմ է նշված ցուցակների հրապարակումը, Շարմազանովը վերահաստատել էր՝ «այո, արգելվում է»:

Այս առնչությամբ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ «Մենք իհարկե գիտենք Սահմանադրական դատարանի այդ որոշման մասին: Բայց երբ իշխանությունները, մասնավորապես՝ Շարմազանովը, հայտարարում են, որ ցուցակների հրապարակման մեր առաջարկը խախտում է Սահմանադրական դատարանի վճիռը, դա բացարձակ կեղծիք է: Իրականում, այն վճիռը, որի մասին խոսում է Շարմազանովը, ընդունվել է 2012 թվականին և այդ վճիռը չի արգելում ցուցակների հրապարակումը»:

Հիշեցնենք, դեռևս 2012-ին Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 29 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով արգելվում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը: Դատարանը, սակայն, որոշել էր, որ այդ դրույթը չի հակասում երկրի Սահմանադրությանը:

«Բայց դրանից չի բխում, որ որևէ կերպ արգելվում է ցուցակների հրապարակումը: Սա տարրական տրամաբանություն է, և ես խորհուրդ կտայի իշխանություններին՝ նման հայտարարություններ անելուց առաջ ուսումնասիրել դասական տրամաբանության կանոնները: Իրականում իրավական որևէ հիմք չունի իրենց ասածը, Հայաստանում ոչ մի բան, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որևէ վճիռ, չի արգելում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ Սահմանադրական դատարանը 2012 թվականին կայացրած որոշման մեջ, իհարկե, հղում անում է Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, ըստ որի, ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակման ենթակա չեն, սակայն, միևնույն ժամանակ, դատարանն իր որոշմամբ հակասահմանադրական չի ճանաչում ցուցակների հրապարակումը:

«Մյուս կողմից էլ դա չի նշանակում, որ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն օրենքով արգելված է, կամ դա կլիներ Սահմանադրությանը հակասող գործողություն»,- ասաց իրավաբանը: «Ազատության» հարցին՝ ուրեմն կարելի՞ է պնդել, որ իշխանությունը կարող է նոր Ընտրական օրենսգրքում ընդգրկել ցուցակների հրապարակումը թույլատրող դրույթ, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց՝ «Այո»:

Նշենք, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման պահանջ ներկայացնում են խորհրդարանական երեք խմբակցություններ՝ «Հայ ազգային կոնգրես»-ը, «Ժառանգություն»-ը և «Օրինաց երկիր»-ը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նույնպես ժամանակին նման պահանջ էր ներկայացրել, այսօր չի շտապում դիրքորոշում արտահայտել: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենք սպասում են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին:

«Մենք երեկ մեր փորձագետների հետ ենք քննարկել Ընտրական օրենսգիրքը, առաջարկների մեծ փաթեթ ենք պատրաստել, բայց այդ կետի հետ կապված՝ մենք սպասում ենք, թե ինչ հիմնավորում կներկայացնեն նաև միջազգային փորձագետները, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները»,- «Ազատությանն» ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անցած ամսվանից իշխանության մաս կազմող՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նույնպես տարիներ շարունակ պահանջում էր հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, այսօր ընդգծում է՝ ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ: «Դա եղել է նաև մեր պահանջը տարիներ շարունակ, բայց ձևակերպել պահանջ և դրանից որևէ քայլ չնահանջել՝ դա ճիշտ մոտեցում չէ: Մենք այսօր նոր Ընտրական օրենսգրքում փորձում ենք ներդնել մեխանիզմներ, որոնք իսկապես այդ հարցն այս կամ այն կերպ կլուծեն: Այսինքն՝ ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ: Եթե մենք կարողանանք այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ օգտագործել, որոնք կբացառեն այլ անձի կողմից քվեարկելը, Հայաստանից բացակաների փոխարեն քվեարկելը, և դա այնպիսի մեխանիզմ լինի, որը հանրության և քաղաքական ուժերի կողմից վստահություն ունենա, ես կարծում եմ՝ այդ հարցը լուծված կարելի է համարել: Այդ ուղղությամբ պետք է աշխատել այսօր»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Մինչդեռ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծում է՝ իշխանությունների դիմադրությունն այս հարցում պարզ ցույց է տալիս, թե որտեղ է թաքնված ընտրակեղծարարության հիմնական աղբյուրը: «Եթե այդ ցուցակները հրապարակվեն, դա կնշանակի, որ մեր այս տեխնոլոգիաների դարում ողջ հայությունն ամբողջ աշխարհում հնարավորություն կունենա ստուգելու՝ այդ ցուցակներում արդյո՞ք իրենց ծանոթ մարդիկ կամ հենց իրենք մասնակցել են ընտրություններին: Կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկը մասնակցե՞լ է: Այսինքն՝ դա կդառնա համընդհանուր, հանրային վերահսկողության առարկա, որը լրիվ կփակի ընտրակեղծարարության որևէ հնարավորություն իշխանության համար: Սա է ամբողջ խնդիրը: Էդ մատյանները, որ փորձում են պահել որպես բարձրագույն պետական գաղտնիք․․․ այդ մատյանների մեջ է այս իշխանության ընտրակեղծարարության հիմնական հնարքը»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը: