Քրգործ՝ հարկայինի ծառայողների կողմից կեղծիքի մասին ահազանգով

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Վանաձորի հարկային տեսչության ծառայողների կողմից պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում և կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիք») 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: