Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այդ երկրում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ մնացել է մոտ 23 հազար հայ: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը այդ մասին հայտնել է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Հարություն Սելիմյանը։
Նրա փոխանցմամբ՝ Սիրիայում հիմնովին ու մասնակի կործանվել է երեք եկեղեցի, որոնց մեծ մասը՝ Հալեպում։
Այս օրերին Հայկական եկեղեցին կրոնական ու էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ, ու ամեն ամիս հանդիպումներ անցկացնելով՝ քննարկում են ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու անելիքները, Հալեպից Skype-ով հայտնեց Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը:
Հարություն Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորը՝ զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու ու բանակցություններ սկսելու համար։
Միջազգային համայնքի նպատակը պետք է լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի ճանապարհ ապահովելը, այլ՝ այստեղ նրանց պահելը, ասում է նա և ընդգծում, որ տուն վերադառնալն ու այն վերակառուցելը իղձ է Սիրիայի մեծաթիվ հայերի համար։
Հարություն Սելիմյանը հավատացած է, որ Սիրիայի շատ ու շատ քաղաքացիներ, այդ թվում՝ շատ մեծ թվով հայեր են վերադառնալու Սիրիա, երբ պատերազմն ավարտվի։