Շարապովան խոստովանում է, որ արգելված դեղամիջոց է ընդունել

Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, 7-ը մարտի, 2016թ․

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ թենիսի Ավստրալիայի 2016 թվականի բաց առաջնությունից առաջ իր անցած դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել: Շարապովան խոստովանել է, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում:

«Ես պատասխանատվություն եմ կրում դրա համար: Ես մեծ սխալ եմ թույլ տվել: Չեմ ուզում, որ կարիերաս նման ձևով ավարտվի, և հույս ունեմ, որ թենիսում մնալու համար ինձ երկրորդ հնարավորություն կընձեռվի», - ասել է 28-ամյա Շարապովան՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Լոս Անջելեսում:

Թենիսիստուհին խոստովանել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել, ինչն էլ ստիպել է իրեն արգելված դեղորայք ընդունել, տվյալ դեպքում՝ հորմոնալ դեղ համարվող մելդոնիում, որն ընդունում են օրգանիզմի ֆիզիկական և նյարդահոգեբանական դիմացկունությունը խթանելու համար:

2016 թվականի հունվարի 1-ից մելդոնիումն արգելված է: Արգելված դեղամիջոցների ցուցակում փոփոխությունների մասին Շարապովան իրազեկվել է դեկտեմբերի 22-ին, սակայն, իր խոսքով, փոփոխված ցուցակը չի ստուգել: