Նախագահ․ «Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան երբևէ»

Հայաստանի ղեկավարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորում են Կանանց տոնը:

«Այսօր մենք մեծարում ենք մեր կանանց` մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին», - ասված է Կանանց տոնի ոռթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, - «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն այս միտումն ավելի է խորացնելու ժամանակի ընթացքում, ինչի հիմքերն արդեն իսկ դրված են: Կանանց ավելացող դերակատարությունը Հայաստանում իր հերթին շարունակաբար ամրացնելու է խաղաղ համակեցության, արդար աշխատանքի և ստեղծարարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում»:

Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Բազմադարյա մեր պատմությամբ է վկայված հայ կնոջ առաքելությունը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի, հոգևոր արժեքների պահպանման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, այլև՝ հայրենիքի պաշտպանության, դժվարությունների ու մարտահրավերների դիմագրավման մաքառումներում: Հայ կանայք աստվածսիրության և ազգասիրության մեծագործություններով, քաջության ու խիզախումի պանծալի օրինակներով շարունակ ներշնչանք ու զորություն են պարգևում մեր ժողովրդի զավակներին», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, սիրելի կանայք, որ հավատքով ու սիրով այսօր էլ Ձեր ջանքերն ու նվիրումն եք բերում պետական ու հասարակական մեր կյանքի բոլոր ասպարեզներում, որպեսզի միշտ ծաղկուն լինի հայ կյանքը, զորացյալ` հայ ընտանիքը և բարօր ու շեն հայրենի մեր երկիրը», - իր ուղերձում գրել է Վեհափառը:

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ: