Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները անցյալ տարի համագործակցության պայմանագիր ստորագրեցին առաջիկա երեք տարիների համար:
Ծրագրի մեկնարկը Մոսկվայում է տեղի ունենալու՝ այս շաբաթ, մարտի 10-ին: Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան․ լինելիության լեգենդ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի 160 ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից:
Հրատարակվել է արդեն ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, առանձին բաժնով ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության թեման:
Այս ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Իսկ ցուցահանդեսը կբացեն երկու երկրների մշակույթի նախարարները:
Ցուցահանդեսը կգործի երեք ամիս և կփակվի հունիսի 13-ին:
Մարտի 11-ին էլ Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են լինելու Իրանի ժամանակակից շուրջ հինգ տասնյակ գեղանկարիչների աշխատանքներ:
Պատկերասրահի հարևանությամբ գտնվող Գրականության և արվեստի թանգարանում բոլորովին վերջերս բացվել է Մարկոս Գրիգորյանի նվիրաբերած հավաքածուն՝ «Միջին Արևելքի թանգարան» խորագրով:
Այս երեկո էլ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում է իտալական ֆիլմերի փառատոնը, որին ներկայացված բոլոր ֆիլմերը, ի դեպ, նվիրված են կանանց՝ գլխավոր հերոսուհիները կանայք են: